«Բանաձևի ընդունումը կարելի է համարել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր անդրադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
Ըստ նրա՝ բանաձևը ընդունումը շատ կարևոր է, չնայած այն ավելի շատ ունի քաղաքական, քան իրավական նշանակություն։ Քաղաքական արժեքը, ըստ ՀՅԴ գործչի, այն է, որ Հայ դատի հանձնախումբը և նրա գրասենյակները տարիներ շարունակ պայքարել են։
«Գործադիրը չէի ասի, որ աջակցեց, այլ ուղղակի չխոչնդոտեց ընդունմանը», - շեշտեց նա։
Պարոն Մանոյանն ասաց, որ Ցեղասպանության բանաձևը ընդունման հետ մեկտեղ ընդունվեց բանաձև Թուրքիայի դեմ Սիրիա ներխուժման հարցով, և պարզ է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պայմանավորված է եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով։
Բանաձևի ընդունումը, ըստ քաղաքական գործչի, ինքնաբերաբար Սենատին կմղի քայլերի։
Ըստ Կիրո Մանոյանի՝ Սպիտակ տունն անկախ է գործում արտաքին քաղաքականության մեջ, և որևէ կառույց, կլինի Սենատը, Գերագույն դատարանը չեն կարող պարտադրել արտաքին քաղաքականության հարցում, սակայն այս բանաձևի ընդունումը կարելի է համարել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչում՝ հաշվի առնելով նաև այն, որ 49 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքական գործիչը հավելեց նաև, որ ԱՄՆ-ն եվրոպական մի շարք երկրների օրինակով չի ընդունի Ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվության ենթարկող օրենք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Նրա օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, որոնցից 226-ը՝ Դեմոկրատական կուսակցությունից, 178-ը՝ Հանրապետական, մեկը՝ անկախ օրենսդիր: Դեմ են արտահայտվել հանրապետական 11 կոնգրեսական: Բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել Դեմոկրատներից՝ Ադամ Շիֆն ու Հանրապետական Գաս Բիլիրակիսը:
Բանաձևի անգլերեն բնագրից (ոչ պաշտոնական) թարգմանել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Ռոբերտ Թաթոյանը։
Բանաձևի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրն է։