Որևէ մեկից կախում չունեմ․ նորանշանակ մարզպետը՝ իր հետագա աշխատանքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստի ժամանակ Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Արարատ Գրիգորյանը։
Նիստից հետո նորանշանակ մարզպետը պատասխանեց լրագրողների հարցերին։
Պարզաբանելով իր փաստաբանական գործունեության հետ կապված հանգամանքները՝ նա նշեց, որ շուտով փաստաբանների պալատ դիմում է ներկայացնելու, որպեսզի իր արտոնագիրը կասեցվի։
Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզպետի պաշտոնում աշխատելու է անաչառ և անկաշկանդ․ «Որևէ մեկից կախում չունեմ, իրականացնելու եմ պետական քաղաքականությունը, աշխատանքի բովանդակությունից կհասկանանք հետագա քայլերը։ Մարզի հետ կապված բոլոր նախնական խնդիրներին և իրավիճակին ծանոթացել եմ կայքից, բոլոր հանրամատչելի տեղեկատվության և իրավական աղբյուրներից և փաստացի իրավիճակների ուսումնասիրությունից։
Դիտարկմանը, թե ինքը փաստորեն հիմա հստակ տեսլական չունի, թե իր գործունեությունն ինչպես պետք է տարբերվի նախորդ մարզպետի աշխատանքներից, Արարատ Գրիգորյանը պատասխանեց․
«Ներկա պահին իմ տեսլականը հետևյալն է՝ հստակ ուղղությունները առկա են նախնական քննարկումների, ուսումնասիրությունների հետ կապված, ընթացքում հնարավոր է լինեն որոշակի ուղղությունների փոփոխություն, իրավիճակից բխող հարցերի նոր լուծումներ»։
Նորանշանակ մարզպետը չցանկացավ ներկայացնել, թե ում կողմից է եղել իրեն մարզպետ նշանակելու առաջարկը, սակայն բացառեց, որ իր իրեն կարող են կապել նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ․
«Հիմա ես էլ բազմաթիվ ինֆորմացիաներ եմ լսում, որոնք իրականությունից շատ հեռու են։ Իմ համար ոչ մեկ չի երաշխավորել, անձամբ չեմ ճանաչում վարչապետին։ Ինձ նշանակել են հավանաբար իմ աշխատանքային գործունեության և մասնագիտական և այլ ունակությունների համար»։
Արարատ Գրիգորյանը չբացառեց, որ հետագայում կարող են մարզպետարանում աշխատել իր ազգականները․ «Բարեկամական հարաբերություններ այդ մարզում շատ քիչ ունեմ, եթե կլինեն արժանի մարդիկ, և եթե իրավական առումով խոչընդոտ չի լինի, կարող են իրենց գործունեությունը իրականացնել»։
Իսկ կադրային փոփոխություններ կլինեն, թե ոչ, դեռ չգիտի, նշեց՝ պատրաստ է աշխատել այն աշխատակիցների հետ, որոնք կկատարեն իրենց աշխատանքը պատշաճ կերպով։
Տեսանյութը՝ Factor.am-ի