Բացել լրահոսը Փակել լրահոսը
116191
A A
Քաղաքականություն

Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացան Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել անկախ պատգամավոր Էրիկ Ռոբիկի Հարությունյանը:

artsakhpress-ի հաղորդմամբ, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Հայրենիք» խմբակցությանն, իր դիմումի համաձայն, միացել է խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արամ Ալեքսեյի Սարգսյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պատգամավորները նշել են, որ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով կուսակցության կողմից առաջ քաշած ծրագրերը:

«Դա գիտակցված որոշում էր, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացրած Արցախի զարգացման տեսլականը հավակնոտ է և իրատեսական»,- նշել է թիվ 2 ընտրատարածքից (ք. Ստեփանակերտ), մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը: Իսկ Շուշիի և Քաշաթաղի շրջաններն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էրիկ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում «Ազատ հայրենիք» կուսակցության անցած ճանապարհը և այն ներուժը, որն ունի կուսակցությունը:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունել է անկախ խորհրդարանականների որոշումը և համոզմունք հայտնել, որ համատեղ գործունեությունն ավելի կբարձրացնի Խորհրդարանում խմբակցության ծավալած աշխատանքի արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է և նոր պատգամավորների անդամակցության արդյունքում կունենա 16 պատգամավոր:

Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Խորհրդարանի 33 պատգամավորներից միայն Արամ Սարգսյանն ու Էրիկ Հարությունյանն էին, որ ընդգրկված չէին որևէ խմբակցության մեջ: