Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Թալանը վերադարձնելու քայլեր արվել են, դատախազն այլ երկրների հետ փաստաթղթեր է ստորագրել․ Վ․Հովակիմյան (տեսանյութ)

«Անհնար է զսպել ժպիտը՝ Սերժ Սարգսյանի շուրթերից ժողովրդավարություն բառը լսելիս։ Աստված չանի, ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները լինեն Սերժ Սարգսյանի սրտով, դա կլինի մեր ձախողումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով երեկ ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում»: «Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը»,- ասել էր նա և նման այլ սուր հայտարարություններ արել։

«Սերժ Սարգսյանը զիջել ասելով նկատի է ունեցել այն, որ Ռոբերտ Քոչարյանի նման կարող էր զորք կիրառել։ Հավանաբար մտածում էր, գուցե զոհերով կարողանար իշխանությունը պահել»,- հակադարձում է Վահագն Հովակիմյանը։

Պատգամավորն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոստումներին, որ նախկին իշխանությունների կողմից Հայաստանից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է։ Վահագն Հովակիմյանն ասում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տարբեր երկրների և միջազգային համապատասխան կառույցների հետ այդ ուղղությամբ համագործակցելու փաստաթղթեր է ստորագրել։

Պատգամավորը նաև անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին։ «Ցավում եմ պարոն Վանեցյանի համար, նա զբաղեցրել է մի պաշտոն, որը ենթադրում է, որ չպետք է խոսի։ Նրա պահվածքն ապացուցում է, որ նա այդ պաշտոնի կրողը չէր»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասները տեսանյութում