Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133632
A A
Քաղաքականություն

Խորհրդարանական ուժերը վստահեցնում են՝ դրսից չեն ֆինանսավորվում

Խորհրդարանական ուժերը ֆինանսավորվո՞ւմ են օտարերկրյա երկրներից, թե՞ ոչ։ Ազգային ժողովում խորհրդարանականները անդրադարձան ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հարցազրույցին, որում երբ իրեն հարց էին ուղղել, թե Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, ասել էր՝ կարծում եմ՝ այո։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացնում է` «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը որևէ երկրից գումար չի ստանում։

««Քաղաքացիական պայմանգրի» գումարները ձևավորվում են անդամավճարներից, և երբ մենք կազմակերպում ենք հանրային դրամահավաք»,- նկատեց Լիլիթ Մակունցը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ ինքնաբավ է և երբևէ իր գործունեության ընթացքում նմանատիպ խնդիրներ չի ունեցել»,- արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

«Մեր գործունեությունը միշտ եղել է թափանցիկ, և ֆինանսական հոսքերը եղել են օրենքի տառը պաշտպանելով՝ գործընթացները հրապարակային են եղել»,- հավելեց Վահե Էնֆիաջյանը։

«Դրսից ֆինանսավորում չունենք, ես ձեզ ասեմ, որ անգամ ներսից ֆինանսավորում չունենք»,- այսպես արձագանքեց խորհրդարանական 3-րդ խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն ենք, որ մեդիա չունենք։ Հայաստանի պատմության մեջ չի եղել քաղաքական միավոր, որը գոնե մի թերթ չունենա»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են գոյատևում, Էդմոն Մարուքյանը կատակեց՝ «Էն ա մի կերպ, ձեր աջակցությամբ»։