Շատ դեպքերում բանակում հարցերը լուծվում են «դրսից մարդ բերելու» միջոցով․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Քրեական օրեսնգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հետաքրքրեց, թե ինչո՞ւ է օրենքի նախագծում նշվում, որ «զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազտազրկմամբ 3-8 տարի ժամկետով»։
Սիսակ Գաբրիելյանը իր ծառայության տարիներից մի դեպք պատմեց, հարցը հիմնավոր դարձնելու համար։
«Ճաշարանի պետ կար, որը զինվորական ծառայող չէր, այլ քաղծառայող էր, և նա ահավոր վիրավորական արտահայտություններ էր անում զինվորներին։ Այս դեպքում, երբ զորամասում միայն զինվորկական ծառայողներ չեն, այլև քաղծառայողներ, ինչո՞ւ եք նախատեսել «մեկ այլ զինծառայողի կողմից»։ Մի օրինակ էլ բերեմ, շատ դեպքերում բանակում նման հարցերը լուծվում են դրսից մարդ բերելու միջոցով, ասում են՝ այս ժամին դուրս կգաս այս հատվածը։ Երբ զորամասից դուրս գան ոչ զինվորական ծառայողը՝ «քուչի լավ տղեն գալու է» և իր հարցերը լուծելու է, և զինծառայողն էլ չի ցանկանալու հետ գնալ զորամաս ու կրակելու է իր վրա։ Օրինակ՝ նման դեպք եղել է մեր զորամասում, զինծառայողներից մեկը անտառում կրակել էր իր ոտքի վրա, խնդիրն էլ կապված էր մեկ այլ զինծառայողի հետ, բայց իր հետ հարցերը լուծում էին քաղաքացիական անձինք»,- պատմեց Սիսակ Գաբրիելյանը։
Ի պաստասխան պատգամավորի հարցադրման՝ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում զետեղված բոլոր հանցակազմերը վերաբերում են զինվորներին և զինվորական ծառայության իրականացնող այլ անձանց։
«Այսինքն, այս հարաբերությունների բնույթը հատուկ է, և բերել, այստեղ մտցնել 3-րդ անձանց, այդ 3-րդ անձինք իրենք հատուկ սուբյեկտի կարգավիճակ չկրող անձինք են, որոնք եթե այսօր կատարեն հատուկ սուբյեկտի հատկանիշներով օժտված հանցագործություն պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես օժանդակող։ Կամ, եթե այլ զինվորի մասնակցությամբ են իրականացնում, այսինքն զինվորը համարվում է կատարող, այստեղ կարող ենք քննարկել կա՛մ խմբի առկայությունը, կա՛մ հանցակացության այլ ձևերի առկայությունը։ Ես հասկանում եմ, որ նման խնդիր կա, բայց Ձեր կողմից նշված դեպքերը այս հոդվածի կարգավորման տիրույթում չպետք է լինի»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։