Որպես փրկօղակ՝ բռնվեցին Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունից․ Աշոտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները Ղարաբաղյան հարցում ավարվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրորֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան-Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված փաթեթից՝ որպես փրկօղակ»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքերով՝ Բրատիսլավայի վերջին ելույթում Զոհրաբ Մնացականյանը, երեք ժողովուրդներին ընդունելի լուծման տարբերակի վերաբերյալ մտքից զատ, խոսել է, ինչպես Էդուարդ Նալբանդյանը․
«Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը , մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, հետո վերջում գալ և էլի որպես փրկօղակ՝ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունից»։
Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը ՀՀԿ փոխնախագահը համարում է մշուշոտ․
«Կար հստակ դիսոնանս մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում բանակցային գործընթացը տեղեկատվական ու քաղաքական հոսքերի և վերջնարդյունքը։ Կարծում եմ, որ իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ինչ կատարվեց Բրատիսլավայում, ինչ էիք խոստացել և ում էիք խոստացել Բրատիսլավայից առաջ, ինչո՞ւ այդ հանդիպումը որևէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը»։
Աշոտյանը նշեց․ «Մեկուկես տարի անց այս իշխանությունները կրկին վերադարձան մեր բանակցված և թողած փաթեթին»։