Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Մշակույթ

Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ»

Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։

       Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը‚ խոսելով խաչատրյանական փառատոնի մասին‚ ընդգծել է‚ որ այն ամենը‚ ինչ կապվում է մեր երաժշտության գագաթի՝ Արամ Խաչատրյանի անվան հետ‚ յուրաքանչյուրիս անձնական նվաճումն է‚ և բոլոր այն նախաձեռնությունները‚ որոնք ուղղված են Արամ Խաչատրյանի անվան հանրայնացմանը‚ միջազգայնացմանը‚ չափազանց կարևոր են նաև պետական մշակութային քաղաքականության տեսակետից։ «Արամ Խաչատրյանն այն գործիչն է‚ ում արվեստը գալիս է վերահաստատելու այն ճշմարտությունը‚ որ ազգային մշակույթը նաև միջազգային է: Ե՜վ Խաչատրյանի փառատոնը‚ և՜ Խաչատրյանի միջազգային մրցույթը շատ անելիքներ ունեն՝ ի նպաստ մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկանիշի բարձրացման»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Սերգեյ Սմբատյանին կարևոր նախաձեռնության համար:

Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը լրագրողների հետ հանդիպմանը նշել է‚ որ ուրախ է 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ: «Մենք մաեստրո Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես ենք գալու ոչ միայն այստեղ՝ Երևանում‚ այլև 2020թ. հունվարին եվրոպական շրջագայության շրջանակում։ 2020 թվականը շատ հիշարժան է լինելու ինձ համար. սերտորեն համագործակցելու եմ այս հիասքանչ կոլեկտիվի հետ։ Ես մեծ հարգանք ունեմ մաեստրո Սմբատյանի‚ նրա վարպետության և մարդկային որակների նկատմամբ‚ ինչն արտահայտվում է նաև բեմում։ Ես շատ սիրում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. հրաշալի երաժիշտներ են‚ այնտեղ միշտ ջերմ մթնոլորտ է‚ և այդ գեղեցիկ մթնոլորտը մղում է ստեղծագործելու։ Շատ եմ սպասում նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը»‚- ասել է Վենգերովը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե իր համար ինչով է առանձնանում Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ջութակահարը պատասխանեց. «Այդ երաժշտությունը գունեղ է, արևային, հուզականությունն ուղղակի ցնցում է»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է‚ որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 14-ին ներկայացվելիք համերգային ծրագիրը՝ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար‚ Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ հնչելու է նաև հունվարին Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ Մյունխենում‚ Զալցբուրգում‚ Շտուտգարտում‚ Բեռլինում‚ Լոնդոնում‚ Վիեննայում‚ Պրահայում‚ Մոսկվայում։ Սերգեյ Սմբատյանն ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից համարել է այն‚ որ Մաքսիմ Վենգերովը հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։ Սմբատյանը կարևորել է նաև այն փաստը‚ որ եվրոպական շրջագայության ընթացքում կատարելու են Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան։ «Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մեր սիմֆոնիկ ստեղծագործությունները‚ և դա մեր առաքելությունն է»‚- ասել է դիրիժոր Սմբատյանը։

Ասուլիսի ընթացքում Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր՝ 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում կողմերի համագործակցության և Վենգերովի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ լինելու մասին։

       Հիշեցնենք‚ որ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։

7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։

Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։

 

Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ