Հաշիվները զավթելու նպատակով քաղաքացիներին կեղծ օգնություն են առաջարկում
Աջակցիր «Ա1+»-ին«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 000 դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Կիբեռոստիկանությունը։
«Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։
Հորդորում ենք Ձեզ՝
- չանցնել կասկածելի հղումներով,
- չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,
- չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։
Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։
Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։