Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Արևելքը և հայ արվեստը․ Նոր ցուցադրություն ազգային պատկերասրահում (տեսանյութ)

«Արևելքը և հայ արվեստը»․ Նոր ցուցադրություն  Ազգային պատկերասրահում

 

Ազգային պատկերասրահում բացվել է «Արևելքը և հայ արվեստը» խորագրով ծավալուն և բազմաշերտ ցուցահանդես։ Ներկայացված են ամենատարբեր ոճերի, ժանրերի և ազգությունների հեղինակների ավելի քան 200 կտավ, որոնց մեծ մասը ֆոնդային պահոցներից է, նաև Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաններից և Ժամանակակից արվեստի թանգարանից ։ Ամենավաղ նմուշներից՝ 14-17-րդ դարերի մանրանկարների և որմնանկարների ընդօրինակություններից, մինչև մեր օրերի՝ իրանցի չին, ճապոնացի ու հայ վարպետների, մասնավորապես՝ Սուրենյանցի, Սարյանի, Կոջոյանի, Յակուլովի, Մինասի, Քոչարի, Բաժբեուկ-Մելիքյանի, Փարաջանովի՝ արևելքի թեմաներին առնչվող գործեր:

«Արևելքը միշտ էլ գերել է խորհրդավորությամբ, իրեն բնորոշ գեղեցիկի էսթետիկայով։ Ընգծեմ, որ սա գեղեցիկ ցուցադրություն է։ Ցուցադրությունը հնարավորություն է նախ զուգահեռներ անցկացնելու գեղարվեստական տարբեր դպրոցների միջև, նաև վկայում է Արևելքի և հայ մշակույթի փոխազդեցության մասին։ Հայաստանը պատմականորեն, մշակույթով կապված լինելով Արևելքի հետ՝ յուրովի է փոխարկում նրա պատմական և գեղագիտական հարուստ ժառանգությունը»,- ասում է ցուցահանդեսի համադրող Իրինա Բագդանյանը։

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը մանրամասնում է, որ դեռ երկու տարի առաջ էր Իրինա Ռուբենովնան սկսել նախապատրաստվել ցուցահանդեսին, ընտրել հեղինակներին։

«Ասեմ, որ կոնցեպցիայի առումով բուռն քննարկումներ են եղել, դեմ և կողմ կարծիքներ։ Դե, արվեստում սուբյեկտիվ կարծիք հնարավոր չէ չունենալ։ Սակայն, հետո հասկացանք և ընդունեցինք տիկին Իրինայի տեսակետը, այն է՝ համադրել անհամադրելին։ Միգուցե այս կտավները միահունչ չեն, սակայն միասին չշնչելով իսկ, առանձնահատուկ են միմյանց հետ «շնչում»։