Իսկ մնացա՞ծ 28-ը
Աջակցիր «Ա1+»-ին«Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնատիրական ընկերությանը պատկանող տարածքներում 1988-ի աղետից հետո բնակություն է հաստատել 35 ընտանիք:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ընտանիքները ստիպված կլինեն բնակության այլ վայրեր տեղափոխվել: Խնդիրն այն է, որ նրանցից միայն յոթն ունի անօթեւանի կարգավիճակ, ասել է թե` բնակարան ստանալու հույս: Մնացած ընտանիքների հարցը դեռ քննարկվում է:
Ռոզա Մանուկյանի ընտանիքը երկրաշարժից անմիջապես հետո տնակը տեղադրել է երկաթուղուն կից, այլընտրանք չունենալու պատճառով, այժմ ընտանիքը անօթեւանի կարգավիճակ ունի եւ սպասում է բնակարան ստանալու իր հերթին:
ՙՀարավկովկասյան երկաթուղում՚ նշում են, որ ընտանիքները պարտավոր են ազատել ապօրինի զբաղեցրած տարածքները: Պատասխանատուները խնդիրը քննարկել են նաեւ մարզպետարանում եւ անվտանգության գոտիներում բնակվող ընտանիքների խնդրի կարգավորման համար քայլեր ձեռնարկվում են, ավելի շուտ արդեն ուսումնասիրվել են բոլոր ընտանիքների փաստաթղթերը, թե որ ընտանիքն ինչ կարգավիճակ ունի:
Ընկերության Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանը նշում է, որ անօթեւանության կարգավիճակ չունեցող ընտանիքներին երեւի այլ տարածք կտրամադրվի՝ տնակները տեղափոխելու նպատակով:
Ամեն դեպքում այս տարածքներում բնակվող ընտանիքների փաստաթղթերն ուղարկվել են կառավարություն, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքերով խնդրի կարգավորման ուղղությամբ ստույգ քայլեր կձեռնարկվեն մայիսից, ձմռան ամիսներին որեւէ ընտանիք բնակատեղի փոփոխության խնդրի առջեւ չի կանգնելու, իսկ թե մայիսին արդեն անօթեւան չհամարվող, սակայն տնակից զատ այլ ապաստան չունեցող ընտանիքների հարցն ինչպես է լուծվելու՝ առայժմ պարզ չէ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ