Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Շահնազարյան
A A
Քաղաքականություն

Վիճակը գնահատում եմ այնքան ծայրահեղ, որ ցանկանում եմ դրա մասին խոսել. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա է Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ-Ժնև կարևոր օրակարգի կորուստ, կարծում է  Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
 
Նա մասնակցում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին՝ «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով: 
 
«Ուզում եմ հիշեցնել՝ 2012 թվականից այս հարցը քննարկվում է, իսկ 2016 թվականից հետո սա միակ հարցն էր, որը վերաբերում էր Արցախ-ադրբեջանական շփման գծին, միջոցառումներ իրավականացնելուն, այլ հարց չէր քննարկվում և, ըստ էության, Ադրբեջանը ծուղակի մեջ էր», - նշեց քաղաքական գործիչը։ 
 
Անդրադառնալով իշխանությունների կողմից բարձրացրած հարցին, թե Արցախը պետք է անպայման մասնակցի բանակցությունների գործընթացին, նա նշեց, որ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքն է լեգիտիմության է ստանում, ինչի մասին նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայից Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպան Գրոսս Զակարիեն, բացի այդ նաև միջազգային վերլուծական կենտրոններում այդ հարցն առաջ է քաշվում։ 
 
«Եթե ուշադրություն դարձնեք, ինքնորոշման հարցը, ըստ էության, որ ընկած է եղել հիմքում, էապես թուլացել է, և իշխանություններն այս հարցը գրեթե չեն հետապնդում։ Եվ նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից։ Ինքն իր մեջ այս բանաձև ամբողջովին հակասում է ինքնորոշման սկզբունքին», - շարունակեց քաղաքական գործիչը։ 
 
Բանակցային սեղանին, ըստ գործչի, դրված է ԼՂ հակամարտության կարգավորման փուլ առ փուլ տարբերակը, ինչը նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ կամ առանց հանրաքվեի իրավունքի անդրադարձի՝ որոշակի տարածքների հանձնում։  
 
Քաղաքական գործիչը խոսեց նաև ևս մի փաստարկի մասին, ինչի մասին նախկինում չի խոսել՝ համարելով, որ դրա մասին չի կարելի հրապարակային խոսել։ «Վիճակը գնահատում եմ այնքան ծայրահեղ, որ ցանկանում եմ դրա մասին խոսել։ Խոսքս ուղղում եմ այն փոքր հատվածին՝ հասարակական, քաղաքական, փորձագիտական։ Պատկերացնեք համաձայնություն է լինելու, չեմ ասում շրջաններ, այլ ինչ-որ գյուղեր «վերադարձնել» Ադրբեջանին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կսկսվի Արցախի Հանրապետությունում։ Արդյոք կա՞ երաշխիք, որ նման տենդենցների դեպքում արցախցին ամուր կմնա իր հողի վրա, ինչպես մինչև հիմա մնացել է։ Սա է վտանգը, և ովքեր կողմ են դրան, թող առաջին հերթին գնան Մատաղիսում բնակություն հաստատեն և դրանից հետո փորձեն դա անել», - ասաց Դավիթ Շահնազարյանը։ 
 
Հայաստանի իշխանությունները, նրա խոսքերով, փորձում են Արցախում ձևավորել այնպիսի մի իշխանություն, որ համաձայնություն կտա փուլ առ փուլ տարբերակին։