Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Տնտեսություն

Հայաստանն ու Ֆրանսիական զարգացման գործակալությունը կստորագրեն 250 մլն եվրոյի վարկային համաձայնագիր

Կառավարությունը հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծը ներկայացված է Գործադիր մարմնի նիստի օրակարգում։

Այս ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։

Ըստ հիմնավորման՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով։ Իսկ վարկի սպասարկման և մայր գումարի մարման ամսաթվերն են՝ հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է կազմակերպի միջազգային պայմանագրի ստորագրումը: