Դա դեռ չի նշանակում, որ ընդդիմությունն այսօր որոշում ունի․ Ա․Մանավազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դա մեծ ապտակ էր ընդդիմությանը, և նրանք մի քանի օր կորան։ Չեկան Ազգային ժողով, չէին խոսում։ Ակնհայտ էր մի բան՝ նրանք սպասում էին, թե ինչպե՞ս ուղորդվեն ու ինչպե՞ս արձագանքեն այդ առաջարկին։ Եվ պատասխանը մեկն էր՝ Սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո իրենք անմիջապես, առանց ուսումնասիրելու ներկայացրեցին, որ դեմ են։ Բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք այսօր ունեն որոշում, որը հայտարարել են խմբակցությունների ղեկավարները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։
Հիշեցնենք, որ վարչապետը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր 6 ձայն տալ, որպեսզի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի համար Ազգային ժողովը կարողանա համապատասխան որոշում ընդունել։ Եվ այդ պարագայում եթե ժողովուրդը չընդունի նոր Սահմանադրությունը, ինքը դա կհամարի անվստահություն ուղղված իրեն և հրաժարական կտա։
«Մենք դեռ ունենք երկար ժամանակ։ Մինչև գարուն դեռ ժամանակ կա իրենց և հանրության առաջարկների համար»,- հավելեց Արուսյակ Մանավազյանը։
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության այն հակադարձումներին, թե իրենք չեն վստահում Նիկոլ Փաշինյանի խոսքերին, նա հիշեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը վարչապետ չի դառնա։ «Համեմատում են Սերժ Սարգսյանի՞ հետ։ Շատ լավ։ Մենք հեղափոխություն արեցինք, դուք էլ արեք։ Եթե Սերժ Սարգսյանը դա ասել էր մի անգամ և մեկ դրվագով, վարչապետը գրեթե ամեն առիթով կրկնում է իր առաջարկը»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։