A
A
Ադրբեջանը ժամանակ չի կորցրել․ քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ իշխանություններն «անվտանգային հույսերը դրել են ոչ թե բանակի և տնտեսության վրա, այլ այսպես կոչված ժողովրդավարության և միջազգային հանրության»։
«Մինչդեռ եթե մենք նայենք Ադրբեջանի գործողություններին՝ այնտեղ 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանը մեկը մյուսից մեծ, մեկը մյուսից մասշտաբային զորավարժություններ է անցկացրել պատերազմին պատրաստվելու համար։ Ընդ որում` Ադրբեջանը ժամանակ չի կորցրել, նրանք աշխատել են թե՛ ռազմական կոմպոնենտի ուժեղացման, թե՛ դիվանագիտական արգելքները և խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, թե՛ քաղաքական վերադաասավորումներն այնպես անելու ուղղությամբ, որ պատերազմը հնարավոր լինի», - նշեց Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի խոսքերով՝ ադրբեջանական մամուլը արդեն իսկ փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հարաբերությունները լարված են՝ փորձելով վերջինիս ներկայացնել որպես ամուսնուն այլընտրանք։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, քաղաքական գործիչ Կիրո Մանոյանը կարծում է՝ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե խնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի մոտեցումները նույնական են, անհասկանալի է։
ՀՅԴ գործիչը պարզաբանում է, որ եթե նշվում է՝ մոտեցումները նույնական են, ուրեմն ինչո՞ւ պետք է Արցախի մասնակցի։ «Ինքը, կարծում եմ, ասաց այլ նպատակով, որ խնդիր չունենք, լավ ենք և այլն։ Բայց սա մեկ օրինակն էր։ Մյուսն արտաքին գործից նախարարի ելույթն էր Բրատիսլավայում, որտեղ ինքն ավելի շուտ «կարմիր գծեր» ցույց տվեց, բայց ոչ թե ռազմավարություն կամ հայեցակարգ», - ընդգծեց Մանոյանը։
Մանոյանն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթում մի խոցելի դրվագ է տեսնում. Արցախի ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը, թե ինչպես է ցանկանում ապրել։ «Այսինքն՝ անտեսվում է 1991 թվականի հանրաքվեն, 2006 թվականի Սահմանադրության հանրաքվեն և 2017 թվականի հանրաքվեն։ Եվ ճիշտ այդ տրամաբանությամբ իշխանությունները կողմնակից չեն, քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ», - նշեց Մանոյանը։
Վերջինիս պնդմամբ՝ ճիշտ չէ ասելը, թե Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, և նույնկերպ ճիշտ չէ ասելը, որ ամբողջությամբ ճանաչել է։ Կիրո Մանոյանն ընդգծեց. «Մենք ունենք Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, որ պաշտոնական Երևանի տեսակետից նույն կարգավիճակին ունի՝ ինչ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան կամ մնացած դիվանագիտական ներկայացուցչությունները»։