Արագ շախմատի աշխարհի առաջնություն. Լևոն Արոնյանը հետապնդում է առաջատար Կառլսենին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան հերթական հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարում 6-10-րդ տուրերը վստահ անցկացրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը տարավ երեք հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, ընդհանուր հաշվարկով վաստակեց 8 միավոր և միանձնյա գլխավորեց աղյուսակը: Նրան հաջորդում են երեք շախմատիստներ, որոնք կես միավոր քիչ ունեն:
Հայաստանի 7 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Լևոն Արոնյանը, որն երկու հաղթանակ տոնեց և վաստակած 7 միավորով այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և ընթանում է 27-րդ հորիզոնականում:
Առաջնությունը վստահ մեկնարկած Հրանտ Մելքումյանը, ցավոք, երեք անընդմեջ պարտություն կրեց և զիջեց դիրքերը: Նա այժմ 5,5 միավորով զբաղեցնում է 63-րդ տեղը:
Այսօր համեմատաբար լավ խաղաց Զավեն Անդրիասյանը, ով հաղթեց իր հայրենակից Մանուել Պետրոսյանը, ապա 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և վաստակած 6 միավորով բարձրացավ 43-րդ հորիզոնական:
Կանանց առաջնությունում կայացան 5-8-րդ տուրերը: Հայաստանի 4 շախմատիստուհիներից առավել հաջող հանդես է գալիս Էլինա Դանիելյանը, որը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր, իսկ Աննա Սարգսյանն ու Մարիա Գևորգյանը՝ 3-ական:
Այստեղ 6,5-ական միավորով առաջատարներն են Իրինա Բուլմագան, Ժոնջի Տանը, Տինջի Լեին և Մարիա Մուզիչուկը: