Առաջարկում են սովորելուն զուգահեռ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը փոխանցել ուսման վարձի համար
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում են Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը փոխանցել ուսման վարձի համար։
«Կրթության նախարարությունը Կառավարության հետ կմշակի էդ մասնագիտությունների ցանկը, և սկզբնական փուլում կլինի որոշ մասնագիտությունների գծով։ Պետությունը կհաշվարկի աշխատաշուկայի պահանջարկը, և հենց էդ մասնագիտություններում սովորելու պարագայում քաղաքացիները կկարողանան իրենց ուսման վարձը վճարել եկամտային հարկով»,- խորհրդարանում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը։
Նախագծի համահեղինակ Լիլիթ Մակունցը հավելեց, որ այս նախագծով խրախուսում են աշխատելը։
«Հաճախ մենք ունենք այնպիսի մոտեցում, որ ուսանողների վարձավճարը նաև մագիստրատուրայում հոգում են ընտանիքի անդամները։ Մենք գտնում ենք, որ մագիստրատուրայի տարիքում սովորողներն այն կարգավիճակում են, որ կարող են միևնույն ժամանակ աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը, ինչը և անում են, բայց այստեղ մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել մյուս ոլորտների համար»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը, ապա հավելեց, որ բակալավրում սովորելու ժամանակ ուսանողները մասնագիտություն ընտրելուց հաճախ իներցիայով են շարժվում, որովհետև ընտանիքի անդամը բժիշկ է, կամ խորհորդ են տալիս, թե ինչ մասնագիտություն ընտրի, կամ էլ դիմորդը մտածում է, որ այդ մասնագիտությամբ բուհ ընդունվելը հեշտ է։
«Եթե մենք չենք ուզում, որ մագիստրատուրայում տեղի ունենա այն, ինչ հաճախ տեղի է ունենում բակալավրում, օրինակ՝ տնտեսագիտության, իրավաբանության, օտար լեզուների, միջազգային հարաբերությունների և այլ մասնագիտություններով էդ հոսքը շատ լինի, դրա համար մենք առաջարկում ենք, որ Կառավարությունը սահմանի այն մասնագիտական առաջնահերթությունները, որոնք կան նաև Կառավարության ծրագրում և մեր նախընտրական ծրագրում, որով խրախուսենք ուսանողների հոսքը»- ասաց նա։
Նշենք, որ այս նախագիծն ավելի վաղ պատգամավորներն առաջարկել էին նաև բակալավրում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների համար, բայց հիմա այդ կետը հանել են նախագծից։