Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134659
A A
Քաղաքականություն

«Բացառենք առանց մրցույթի հող տալը»․ հարցն օրակարգից հանվեց (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետի առաջարկով, սակայն, որոշման նախագիծը օրակարգից հանվեց։

Ըստ նաախգծի՝ նախատեսվում էր ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունք տալ, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար՝ 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Անանյանը պատճառաբանեց, որ դիմելու պահին եղել է միայն այս կազմակերպությունը, դրա համար էլ տրամադրվում է առանց մրցույթի, դրանից հետո դիմել է ևս երեք ընկերություն, այս պահին չափագրում է իրականացվում բոլորի խնդրանքները բավարարելու համար։

Վարչապետը խնդիր համարեց, որ հողատարածքը առանց մրցույթի է տրամադրվում, քանի որ վարձավճարների հարցը լինելու է խնդրահարույց։

«Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչու ենք այսպիսի բաները տալիս նմանատիպ ընկերություններին առանց մրցույթի»,-նշեց վարչապետը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը կայանում է պետական-մասնավոր համագործակցության օրենքի մեջ, որովհետև նկարագրված տրամաբանությունը օրենքում չկա։ Վարչապետը կոչ արեց բացառել, որ կառավարության որոշմամբ որևէ հողատարածք տրամադրվի որևէ ընկերության:

«Պետք է ասենք, որ այս ընկերությունը նման առաջարկ է արել և ով սահմանել է ժամանակահատված, ունի ավելի լավ առաջարկ».-ասաց նա:

Հարցը զեկուցող Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ նպատակն այն է եղել, որ քննարկվեն միայն այն առաջարկները, որոնք միջազգային փորձ ունեն։

«Մենք կարող ենք մրցույթ հայտարարել, սակայն ունենք չորս ընկերության առաջարկ և նպատակ ունենք չորսին էլ բավարարել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ եթե բոլորին էլ նախատեսում են բավարարել, ուրեմն կառավարության որոշմամբ պետք է հողը դրվի աճուրդի, և ով առավելագույն գումարը վճարի, թող հաղթի: «Ես առաջարկում եմ հիմա սա հանենք օրակարգից, և, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա, մասնակցի, բոլոր ընկերություններին տանք կառավարության որոշում, սահմանենք խիստ աճուրդային պայմաններ, թե ոնց պետք է այդ հողը հասնի ինչ-որ մեկին: Ընդհանրապես եկեք մեր իրականությունից վերացնենք պրակտիկան, որ կառավարությունը որոշեց հողը առանց մրցույթի տալ»,-ասաց նա: