Արթուր Վանեցյանը ո՛չ քաղաքական անցյալ ունի, ո՛չ քաղաքականությամբ զբաղվելու փորձ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով հանդիպմանը՝ Սիմոնյանն ասաց, որ քննարկվել են ոստիկանությունում բարեփոխման հարցերը, երկու առաջվա բերման ենթարկման դեպքերին (Հունվարի 28-ին 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվատ» միաբանության անդամներ, ակտիվիստ Արթուր Դանիելյանը, «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը) և այլն։
Սիմոնյանը քաղաքական հետապնդում չի համարում վերոնշյալ անձանց բերման ենթարկելու դեպքերը։
«Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայացքներով, ինչին կարող եք ականատես լինել բոլոր տեղերում։ Իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմաններում»,- նշեց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին արտահերթ ընտրությունների անցկացնելու հավանականության մասին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես որ մշտապես եղել է։
«Եթե ինչ-որ արտահերթ գործընթացի կարիք կա, դա արտահերթ կերպով ՀՀ-ին հասցված այն վնասի և այն իրավիճակի, որը մենք ժառանգություն ենք ստացել, արտահերթ ձևով լուծելու անհրաժեշտությունն է»,- նշեց նա։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և իրենց քաղաքական ուժի պնդմամբ ՍԴ ճգնաժամին՝ Սիմոնյանն ասաց, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այդ թեման մեկընդմիշտ կփակվի։
«Եվս մեկ վայր, որ մնացել է «հին աշխարհում», ազատվելու է, հայտնվելու է «նոր» Հայաստանում, ուզի, թե չուզի Հրայր Թովմասյանը»,- շարունակեց նա։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը, պատգամավորի խոսքերով, չի կարող անհանգստացնել իշխանություններին։
«Արթուր Վանեցյանը ո՛չ ունի քաղաքական անցյալ, ո՛չ ունի քաղաքականությամբ զբաղվելու փորձ։ Եվ, այո՛, իմ ունեցած տեղեկություններով, ունի մեծ գումարներ, իսկ նոր Հայաստանում գումարով որևիցե բան չի լուծվում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Իսկ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասով նշեց, որ նրան քաղաքական գործոն համարում են այն մարդիկ, որոնք նրանից գումարներ են վերցնում։
Մանրամասները տեսանյութում։