ՍԴ նախագահն անում է քաղաքական հայտարարություններ․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունը, թե վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածություն կա։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանը շեշտեց.
«Սա նորմալ չէ, ես կարծում եմ, որ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահը արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ։ Այսինքն ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ»։
ՍԴ-ի շուրջ ստեղծվածին անդրադարձել էր նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։ Նա հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով:
«Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ», - ասել էր նա։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծին, ապա Վենետիկի հանձնաժողովի նախագահը հիշեցրել էր, որ այն պետք է կիրառվի բացառապես կամավորության հիմքով, սակայն ըստ նրա՝ վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն:
Ռուբեն Ռուբինյանը հակված չէ մտածել, որ իշխանության կողմից ՍԴ դատավորների նկատմամբ որևէ ճնշման փորձ եղել է։ Լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության կանչելը, տունը խուզարկելը, ճնշում չէ՞ ՍԴ նախագահի նկատմամբ, Ռուբեն Ռուբինյանը հստակ չմեկնաբանեց, նա կրկին մատնանշեց այն, որ Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ է անում։
«Մենք ունենք իրավիճակ, երբ խաթարված է գործող Սահմանադրության ոգին, որովհետև ՍԴ նախագահն ընտրվել է այն պայմաններում, որոնք խախտում են Սահմանադրության ոգին»,-նշեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։