Առաջարկվում է պատգամավորներին թույլատրել անարգել տեսակցել ձերբակալված և կալանավորված անձանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարել։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ Տարոն Սիմոնյանը կներկայացներ նախագծի բովանդակությունը, նշեց, որ սա այն նախագիծն է, որը միշտ ընդդիմությունը ներկայացրել է, իսկ իշխանությունն էլ մերժել։
«Վերջին անգամ այս նախագիծը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ նա «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր էր, բայց էլի մերժվել է»,- հիշեցրեց Տարոն Սիմոնյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն առաջարկում է, որպեսզի համապատասխան անձինք հնարավորություն ունենան անարգել տեսակցել ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում պահվող անձանց հետ:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքը թույլ է տալիս, որ պատգամավորներն առանց խոչընդոտի մուտք գործեն ձերբակալվածներին պահելու կալանավորվածներին պահելու վայրեր, բայց իրավական կարգավորումն այնպես է, որ մուտք գործելը անարգել է, բայց այնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելք լինել։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ «Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ, բացառությամբ եթե այդ անձիք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա։ Սա նաև վերաբերում է պատգամավորներին, եթե պատգամավորը տվյալ քերական գործով ներգրավված է լինում որպես վկա կամ մասնակից, ապա դա արգելքի հիմք է»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Կառավարությունը դեմ է ներկայացված նախագծին։ Գործադիրի դիրքորոշումը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։