Բացել լրահոսը Փակել լրահոսը
ARM-445963
A A
Հասարակություն

Ի՞նչ դիմումներ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործունեության ընդամենը երկու ամսում բազմաթիվ նամակներ է ստացել՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին։ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մանրամասնում է, որ քաղաքացիները տեղեկացրել են տարբեր ոլորտներում կոռուպցիոն  ռիսկերի կամ արդեն կոռուպցիոն գործարքների մասին․ « Կազմվել է աղյուսակ այն ոլորտների վերաբերյալ, որտեղ խնդիրներն ավելի հաճախ են հանդիպում»։

Դեկտեմբերից մինչ այժմ հանձնաժողովը ստացել է անհամատեղելիության, հայտարարագրի սխալ լրացման և պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման  վերաբերյալ 8 դիմում, որից 2-ի հիմքով հարուցվել է վարույթ, շուտով կհրապարակվի եզրակացություն։

Հայկուհի Հարությունյանը հույս է հայտնում, որ հանձնաժողովը չի սահմանափակի իր գործունեությունը միայն Երևանով․ «Հուրախություն մեզ՝ 70 և ավելի կազմակերպություններից, անհատներից և պետական գերատեսչություններից ստացել ենք հանձնաժողովի հետագա գործունեության ռազմավարության առաջարկներ։ Նպատակ ունենք նաև ներառականությունը ապահովելու համար գործունեությունը տեղափոխել նաև մարզեր և ունենալ երկարաժամկետ գործողությունների պլան»,- ասում է նա։

2020թ․-ին կլինեն  հայտարարագրերի նոր նմուշներ, այն մշակվել է հանձնաժողովի և արդարադատության նախարարության կողմից ու հաստատվել կառավարության կողմից հունվարի 31-ին։

«Հայտարարագրերը հայտարարատուների համար պատրաստ կլինեն շատ կարճ ժամկետներում»,- ասում է հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։

Ի տարբերություն նախորդ հայտարարագրերի, որտեղ նշվում էր միայն դրամական միջոցների  չափը, արդեն նորում երևում է, թե դրանք ինչպես են պահվում՝ կանխիկ ձևով, բանկային հաշվի տեսքով, թե վիրտուալ արժույթների ձևով։

«Հանձնաժողովի ևս մեկ կարևորագույն քայլ է ավտոմատ համակարգի ներդրումը։ Այս տարի, քանի որ պաշտոնատար անձանց թիվը աճել է, ուստի և աճել է հայտարարատուների թիվը, և ավտոմատացված համակարգի շնորհիվ հայտարարագրման գործընթացը ավելի կազմակերպված կդառնա»,- նկատում է Լիլիթ Ալեքսանյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի խոսքերով՝  աշխատանքներ են տարվում նաև հանրային ծառայողների, այդ թվում՝ դատավորների, դատախազության գերատեսչությունների նոր նշանակվող թեկնածուների բարեվարքության կանոնների գնահատման համար։