Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ծառուկյանն էդքան փոքրացել է, որ միջնորդության կարի՞ք ունի» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մտահոգում է, որ 2020թ․խաղաղ պայմաններում զինվորներ են մահացել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն իր ցավակցությունները հայտնեց մահացած զինվորների հարազատներին։

«Մարդը  երեխա է մեծացնում, ուղարկում է բանակ, բայց ուզում է, որ զինվորն առողջ վերադառնա։ Շատ ցավալի է, պետք է անմիջապես ուսումնասիրվի, թե ովքեր են մեղավոր, և մասսայական պատժվեն, թե չէ ծնողը պատրաստ է երեխային բանակ ուղարկել, բայց երեխային ինչ աստիճանի են հասցրել, որ ինքնասպանություն է գործել։ Լուրջ խնդիր է, որի համար պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ 

Անդրադառնալով Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվեին և հարցին, թե ԲՀԿ-ն արդեն որոշում ունի՞, թե որ ճամբարից է լինելու՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեռ որոշում չկա։ Վաղը կուսակցության նիստին կորոշվի։ 

Դիտարկմանը, թե «մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Դուք քաղաքական առևտրի մեջ եք Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով էլ չեք բարձրաձայնում ՍԴ-ի նկատմամբ ճնշումների մասին», Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ է՝ չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են, այդպիսի բան չի եղել»։ 

Իսկ Սասուն Միքայելյանի միջոցով միջնորդավորված նման հարց քննարկվե՞լ է․ ԲՀԿ ղեկավարն ասաց, որ ինքը միջնորդության կարիք չունի։ 

«Այսինքն՝ Ծառուկյանն այնքան փոքրացել է, որ միջնորդության կարիք ունի՞, կյանքում Ծառուկյանը միջնորդության կարիք չունի։ Եթե հանդիպած լինեմ, կասեմ՝ հանդիպել եմ։ Ծառուկյանը տակից, վրայից խաղեր տալու կարիք չունի, այդ ճանապարհը վաղուց անցել է»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։