Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արմեն Խաչատրյանը՝ բանակում զոհերի և ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ բանակում խաղաղ պայմաններում զոհերի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթի առկայությունն է։

«Զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե այն հանրության մեջ չլինի։ Հանրության մեջ եղած ենթամշակույթի պատկերացումները տեղափոխվում են զորամաս, որտեղ զենքի հետ գործ ունեցող զինվորների հետ առնչություն ունենք, ինչը երբեմն բերում է այսպիսի դժբախտ դեպքերի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը, հավելելով, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանակում անգամ մեկ զոհ չլինի։

«Քրեական գործերի քննության ավարտից հետո մենք կարող ենք եզրահանգում անել և հասկանալ, թե ինչ միջոցներ պետք է կիրառել այս ուղղությամբ»,- ասաց պարոն Խաչատրյանը։ Նա հավելեց, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարելու, որից հետո իր դիրքորոշումը կհայտնի։

Լրագրողները Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին նաև ոստիկանությունում բարեփոխումներ անելու գործադիրի նախաձեռնության վերաբերյալ։ Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին։

«Որովհետև Ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, այն լիազորությունները, որոնք նրան անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասաց նա։

Ըստ Արմեն Խաչատրյանի ՝ մշակված ռազմավարությունը լավն է, որի իրականացմանն ուղղված քայլերի արդյունքում Ոստիկանությունը համարժեք կլինի հանցավորությանը, տեխնիկապես զինված կլինի, և իհարկե, Ոստիկանության իմիջը կբարձրանա։

«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության այդ իմիջը կփոխարինվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով, և մի շարք կառուցվածքային փոփոխություններ կիրականցվեն՝ պարեկային ոստիկանություն կստեղծվի, օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել բոլոր իրավախախտումների և պատահարների ժամանակ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ այս բարեփոխումների արդյունքով որոշ դրույթներով ոստիկանությանը կփոխանցվի նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, ինչը Քննչական կոմիտեի ստեղծումից հետո Ոստիկանությունից վերցրել էին։ Թե որ հանցագործությունների դեպքում ոստիկանությունը նախաքննությանը մասնակից լինելու հնարավորություն կունենա, Արմեն Խաչատրյանն ասաց, որ նախնական տարբերակով՝ այն կվերաբերի սեփականության դեմ ուղղված հանցագործություններին։

Արմեն Խաչատրյանն ասաց նաև, որ համակարգում համալրումներ են պահանջվում։ Մի շարք պահանջներ կան, որոնց առկայության պարագայում միայն կարող են համալրումները լինել։ Այդ տեսանկյունից, նա ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացում կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։