Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք նոր զոհերի ո'չ ռեսուրս ունենք, ո'չ ցանկություն․ ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում բանակում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերի առնչությամբ։

«Մենք չենք կարող անտարբեր մնալ, որվհետև խոսքը գնում է մեր անվտանգության մասին։ Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, և խոսքը մեր երեխաների մասին է, ովքեր, չես հասկանում, թե ինչ պայմաններում զոհ են դառնում ներսում և ոչ թե թշնամու գնդակից»,- հայտարեց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

Վերջինս հայտարարություն ներկայացրեց, որով հավաքվածները պահանջում են առաջիկա կառավարության նիստից անմիջապես հետո հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների հետ։

«Պահանջում ենք՝ այս բոլոր պաշտոնյաները բացատրություն տան՝ որն է պատճառը, որ որևէ հանցագործություն մինչև այսօր չի բացահայտվել։ Տեղի ունեցողը պետք է բացատրություն ունենա, որևէ մեկը չի կարող մնալ առանց պատասխանատվության»,-ընդգծեց Կարապետյանցը։

Նա նշեց, որ դատապարտում են բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը, դատապարտում են դրանց վերաբերյալ քաղաաքական և իրավական գնահատականների բացակայությունը, ՀՀ լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը, գործի թերի բացահայտումը և կոծկումը։

«Ո՞ւր են բոլոր պաշտոնյաները, ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այս մահերի կապակցությամբ ։ Ինչո՞ւ որևէ մեկի հեռացման, քրեական պատասխանատվության մասին խոսք չկա»,-նշեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝  քանի դեռ կառույցը չի ընդունում իր մեղքը, մենք ունենալու ենք նոր զոհեր․

«Իսկ մենք նոր զոհերի ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ցանկություն, թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկի քմահաճույքի կամ պագոնի վրայի զվյոզդչկայի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»,-հայտարարեց Կարապետյանցը։

Նրա պնդմամբ՝ կան զորամասեր, որոնց մասին մենք երբեք չենք լսել, որովհետև այդ զորամասերում չեն լինում նման խնդիրներ․

«Զորամասեր կան, որ եթե սպանություններ են լինում, առաջինը մտքովդ անցնումա, որ այդ զորամասնա, ու պարզվումա, որ հենց այդ զորամասերից մեկնա։ Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել»։

Նրանք կառավարության անցագրային բաժին հանձնեցին իրենց ստորագրություններով հայտարարությունը՝ ակնկալիքով, որ հանդիպելու են հայտարության մեջ նշված անձանց հետ առաջիկա հինգշաբթի օրը։