Ապահովագրության ծրագիրը միտված է գյուղատնտեսության կայունացմանը․ Իռա Փանոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը միտված է գյուղատնտեսության կայունացմանը, որպեսզի կարողանանք գյուղատնտեսների եկամուտները կայունացնենք»։ Ծրագիրը ներկայացեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։
Վերջինս նշում է, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի բնական աղետների՝ կարկուտի, հրդեհի կամ ցրտահարության դեպքում գյուղացիական տնտեսությունները ապահովագրվեն և ստանան փոխհատուցում։
«Ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարության կողմից տեղի է ունենում ապահովագրության սուբսիդավորում շուրջ 50 տոկոսի շրջանակում, գարնանային ցրտահարությունը՝ 60 տոկոս, կարկուտը և հրդեհը՝ 50 տոկոս, որը հնարավորություն է տալիս, որպեսզի ապահովագրությունը հասանելի դարձնեն գյուղացիական տնտեսություններին։ Այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը մի մասը սուբսիդավորում են, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան առավել էժան գնով դրանք ձեռք բերել»։
Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշում է՝ ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 30-ից՝ երկու մշակաբույսերով՝ խաղողը և ծիրանը։ Ներկայումս հավելյալ մշակաբույսեր են ավելացել՝ հացահատիկը, դեղձը և խնձորը։
«Այս մշակաբույսերից որոշները հասանելի են 6 մարզերում, որոշները բոլոր մարզերում՝ ըստ ռիսկայնության։ Խաղող, դեղձ և ծիրան մշակաբույսերը հասանելի են Արարատում և Արմավիրում, բոլոր ռիսկերի համար, այսինքն՝ գարնանային ցրտահարում, կարկուտ և հրդեհ, հասանելի է 6 մարզերում»։
Նարեկ Հովակիմյանը նշում է, որ մշակաբույսերը, ըստ ռիսկերի, ունեն իրենց ձեռք բերման ժամկետները՝ կարկուտը և հրդեհը խաղողի և ծիրանի համար մինչև մարտի 25-ը, իսկ խնձորի դեպքում կարկուտի ռիսկից ապահովագրելու համար վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, հացահատիկի համար՝ մայիսի 1-ը։
Նարեկ Հովակիմյանը նաև նշեց, որ անցյալ տարվա փետրվարից սկսել են իրականացնել վնասի գնահատման դասընթացները։ Նա տեղեկացրեց, որ վնասը գնահատողները չեն հանդիսանում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ, նրանք անկախ գնահատողներ են, որոնք ստանում են լիցենզավորում գյուղատնտեսությունը ապահովագրող ազգային գործակալության կողմից։
Այս պահին, Նարեկ Հովակիմյանի հավաստմամբ, ավելի քան 200 ապահովագրական պայմանագիր վաճառված է։