Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վստահ եմ, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին ու մյուսներին․ Արշակ Սադոյան (տեսանյութ)

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը անձնական շահից ելնելով, իր համոզմունքին հակառակ, հանցագործության է գնացել, ինչը դատապարտելի է և վտանգավոր պետության և ժողովրդի համար․

«Ես լավ ճանաչում եմ Հրայր Թովմասյանին, լավ գիտեմ Վարդան Պողոսյանին, լավ գիտեմ` ինչ պայմաններում, ոնց է գրվել այդ Սահմանադրությունը։ Բայց երբ Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրական փոփոխությունների մեջ մտցվեց Սահմանադրական ժողովի պարբերական թարմացման գաղափարը, 12 տարով ընտրվելու գաղափարը, ավելին՝  6 տարով նախագահ ընտրելու գաղափարը, ես ասեցի` մալադեց, թեպետ «Սերժի հագով» կարված Սահմանադրություն էր,  բայց շատ բաներ լավ են ստեղծված: Եւ հետո մարդը, իր համոզմունքին հակառակ, ելնելով անձնական շահից, որոշեց որ իր գրված 6 տարին, 12 տարին չպետք է գործի եւ գնաց հանցագործության իր խղճի դեմ»։

Սադոյանը  համոզված է, որ մարդիկ ինչքան էլ հեռու լինեն Սահմանադրական նորմերից՝ լավ հասկանում են` ով ով է, «ինչի համար է խցկվել», ինչ է ուզում  անի եւ չի  կասկածում, որ «հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին եւ մյուսներին»․

«Մեջներից ամենաընդունելին Հրայր Թովմասյանն է, բայց առաջինը նա է գնացել իր խղճի դեմ և իրավունք չպետք է ունենա լինել ՍԴ նախագահ»։

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝  ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե որքանով է օրինական այս  հանրաքվեն, կամ ՍԴ անդամների հրաժարականի հետ կապված փոփոխությունները:

«2 դիրքորոշում կարող ենք այստեղ առանձնացնել, որ ժողովուրդը վստահում է Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը Հրայր Թովմասյանին եւ ՍԴ անդամներին կապում է նախկին իշխանությունների հետ , եւ նրանց նկատմամբ վերաբեմունքը փոխանցվում է այստեղ։ Նոր ոգեւորություն է առաջացել՝  նախկին իշխանությունների վերջին «բաստիոնը» քանդել: Սա «Այո»-ի կողմնակիցների դիրքորոշումն է, իսկ «Ոչ»-ի կողմնակիցները այստեղ ավելի շատ օրենքի խախտում են տեսնում, չնայած իմ համար անհասկանալի է` ժողովրդի կամքից ավելի բարձր օրենք ո՞րն է, համաժողովրդական հանրաքվեն ամենաբարձր ինստացիան է, որով օրենքը կարող աշխատել, բայց բոլոր դեպքերում քննադատություններ նախկին իշխանությունների, նրանց համակիրների կողմից կան»,- ասաց նա: