«Եթե ես լինեի, կասեի՝ ընդամենը 100 տարի առաջ Ադրբեջանը չի եղել». քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այն փաստարկները, որոնք հնչեցին մեր կողմից, լավագույններից չէին»,-այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան բաց քննարկմանը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Պատմական փաստարկները այն ձևով, ինչպես հնչեցին, թույլ էին»,-պնդում է Մանասյանը և հավելում, որ պատմական այդ կարգի փաստարկները աշխարհին դուր չեն գալիս, կարելի էր վկայակոչել նաև պատմության վերջին հարյուր տարին․
«Եթե ես լինեի, կասեի՝ 100 տարի առաջ դուք չեք եղել»,-նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի բերած փաստարկները պետք է այնպես բերվեին դաշտ, որ դա նույնիսկ չզգացվեր։
Քաղաքագետն ասում է՝ մենք պետք է պատրաստված գնանք բանակցությունների ՝ դիմակայելու Ադրբեջանի սադրանքներին։
Քաղաքագետը ողջունելի է համարում, որ բարձրացվեց Խոջալուի հարցը․
«Ես առաջարկում եմ, քանի որ հայտնի է, որ ադրբեջանական ժողճակատը Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակիչներին ապակողմնորոշել է մտնել Աղդամ և ասել է՝ թեքվեք աջ, որպեսզի այնտեղ կոտորի նրանց, մենք կարող ենք ամեն տարի ծաղիկներ խոնարհել ժողովրդական ճակատի կողմից բարբարոսաբար կոտորվածների հիշատակին»։
Խոսելով ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին՝ քաղաքագետն ասում է՝ այդ իրավունքը ճանաչվել է մի քանի անգամ, ընդհուպ՝ միջազգային հանրության կողմից։ Ղարաբաղը, ըստ քաղաքագետի, 20-րդ դարում երեք անգամ ինքնորոշվել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում։
Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, որ Ադրբեջանը կխոսի Արցախի հետ միայն այն դեպքում, երբ հայկական կողմն իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից», Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Արցախն իրականում բանակցային կողմ է, Մինսկի խմբի համանախագահները, Ստեփանակերտ գնալով, գնում են հակամարտող կողմի մոտ։
«Մենք ինքներս ենք նրան դուրս մղում: Բանակցությունների ժամանակ պետք է ասել, որ այս կամ այն հարցը քննարկել ենք Արցախի հետ, եւ վերջինս համաձայն չէ, այսինքն ՝ երբ դա չես անում, ստացվում է, որ միան դու ես բանակցում Ադրբեջանի հետ, մինչդեռ ԵԱՀԿ համանախագահները պարբերաբար գնում են Ստեփանակերտ»:
Մանասյանն ասում է՝ տպավորություն է, որ Փաշինյանի և ԱԳ նախարարի միջև քննարկումներ տեղի չեն ունենում։