Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

«Ոչ»-ի քարոզչական կողմ է գրանցվել (տեսանյութ)

61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբը այսօր առավոտյան դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի քարոզչական կողմ գրանցելու համար։

Նախքան փաստաթղթերի հանձնելը նախաձեռնող խմբի անդամ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց․

«Չլինելով քաղաքական գործիչներ, չիրականացնելով քաղաքական գործունեություն և հայտ չներկայացնելով՝ մենք չենք կարող տեղավորվել այն համակարգում, որտեղ  լեգիտիմության և ոչ լեգիտիմության հարցեր կան։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս  գործընթացը ոչ իրավաչափ է եղել, որ թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումով այս հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է»։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հանրաքվեի գործընթացը պետականության համար վտանգներ կարող է ունենալ, եթե չձևավորվի «Ոչ»-ի քարոզչության կողմ։

«Մենք կարծում ենք, որ «Ոչ»-ի քարոզչության ձևավորումը երկու կարևորագույն նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ հնարավորություն տալ մեր այն քաղաքացիներին, որոնք ասելիք ունեն «Այո»-ն բացառող բոլոր տարբերակների մասին և երկրորդ՝ այն խմբերին, որոնք ունեն վերահսկողական մեխանիզմներ՝ վստահված անձ, հանձնաժողովի անդամ հանդես գալու հնարավորություն տանք, որ այդ վերահսկողական մեխանիզմները գործադրվեն»։

Ռուբեն Մելիքյանը ավելի ուշ Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։