Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սուտ է. ժողովուրդը նման պահանջ չունի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

 «Ի սկզբանե սա շատ մեծ հիմարություն է»,-Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանի  որդին՝ Լևոնը,  այսպես է արձագանքում հանրաքվեին, որն արվում է ՍԴ յոթ անդամների լիազորությունները կասեցնելու համար։

Ըստ նրա՝ ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեն հակաիրավական է  եւ  արվում է «սեփական մարդկանց Սահամանադրական դատարանում ունենալու համար»։ Բայց  չի պատրաստվում  մասնակցություն ունենալ «ոչ»-ի ճամբարի  քարոզարշավին։ Իր  համար ընդունելի չեն իշխանության փաստարկները, որ փոփոխություններն արվում են ժողովրդի պահանջով։

 «Դա բացարձակ սուտ է, դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդը նման պահանջ չունի։ Ժողովորդը ընդհանրապես չգիտի՝ Սահմանադրական դատարանը ինչ ֆունկցիա է կատարում,  ոչ էլ դատավորների մասին գիտի, ու դա նորմալ է, որ չգիտի»,- ասաց  նա Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո։

Քոչարյանի որդին շեշտում է․ «Հայ ժողովրդին հուզում է կամեռաները, բալային համակարգը մնացած այն բաները, որոնց դեպքում, չգիտես ինչու,  հայ ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում։ Իրենց դա պետք է, ու վերագրում են, որ  ժողովրդին է պետք»։

 Դիտարկմանը, որ  «Ոչ»-ի ճամբարում են  իր հորը սատարողները, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ, եթե   նախաձեռնողներից մեկը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հակաիրավական բաներ է նկատել եւ  պաշտպանում է իր մեկնաբանություններով, դա չի նշանակում, որ աջակցում է իրենց։

Արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը կուսակցություն բացելու մասին քննարկում կամ հանդիպում ունեցե՞լ է իրենց հետ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ դժվար է պատկերացնում  համագործակցությունը, թեեւ․

«Հիմա չկա նման բան, եթե լինի, նոր պետք է մտածել դրա շուրջ» ։