Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայկական մոդեռնիզմի լավագույն գործերը․ բացվեց «Արթուր Թարխանյան» կենտրոնը (տեսանյութ)

Երևանում՝ Անտառային փողոցի 188/16 հասցեում, բացվեց «Արթուր Թարխանյան» կենտրոնը։  Հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանի խոսքով՝  իրենց նպատակն է կենտրոնը դարձնել հայկական  հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման մշակութային հարթակ։ Հայ մոդեռնիզմի թանգարանը, որտեղ ներկայացված են հայկական ճարտարապետության միջազգային ճանաչում ստացած գլուխգործոցները, երիտասարդ սերնդին կծանոթացնեն հայկական մոդեռնիզմի լավագույն հեղինակների և նրանց գործերի հետ:

«Նոր սերունդը պետք է կարողանա արժևորելով նախորդների ստեղծածը՝ նորը կառուցի։ Եվ ես շատ կցանկանայի, որ երիտասարդ ճարտարապետների համար այս կենտրոնը ծառայեր այս նպատակին։ Գան, տեսնեն, թե ինչ է արված իրենցից առաջ և փորձեն անել մի քայլ առաջ»,- նշեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։

«Այսօր մեր քաղաքում տխուր միջավայր է, չկա անհրաժեշտ ներդաշնակությունը»,- ասում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը և հավելում, որ մինչև ութսունական թվականները մեր մայրաքաղաքն ունեցել է ներդաշնակ ճարտարապետական միջավայր և համարվել է խորհրդային տարիների լավագույն քաղաքներից։ 

«Այստեղ ներկայացված շենքերից շատերը, որպես լավագույն օրինակներ,  ընդգրկված են եղել համաշխարհային ճարտարապետական գրականության մեջ, իսկ այսօր ուղղակի գոյություն չունեն, կամ կերպարանափոխվել են։ Մենք չենք պահպանում մեր պատմությունը, և սա շատ վիրավորական է»,- վրդովմունքով ընդգծում է ՀՀ վաստակավոր ճարտարապետը։

Որպես ճարտարապետական կոթողի անմարդկային ոչնչացման օրինակ Գուրգեն Մուշեղյանը ցավով նշում է «Երիտասարդական պալատի» ապամոնտաժված շենքը։ 

Անահիտ Թարխանյանի խոսքով, կենտրոնում կկազմակերպվեն նաև դասախոսություններ, քննարկումներ։ Իսկ Հայ մոդեռնիզմի թանգարանը հետաքրքիր կլինի նաև զբոսաշրջիկներին, քանի որ հիմա նոր միտում կա խորհրդային  շրջանում ստեղծված մոդեռնիստական ճարտարապետության հանդեպ։

Կենտրոնի բացմանը կայացավ նաև Ալեքսանդր Թամանյանի գործունեության ռուսական շրջանին նվիրված գրքի շնորհահանդեսը: