Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող է քաղաքական ճնշում կա, չեն ուզում ՀՅԴ-ի հետ առնչվել․ Կիրո Մանոյան (տեսանյութ)

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացման արարողությունից հետո ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանից լրագրողը հետաքրքրվեց՝ իրականանությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե ՀՅԴ Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի, որովհետև նախկին իշխանության օրոք հարուստները Հայ Դատին ֆինանսավորում էին, իսկ այսօր՝ ոչ, որովհետև իշխանությունների կողմից հորդոր չկա։ Ի պատասխան Կիրո Մանոյանն արձագանքեց․

«Ֆինանսական խնդիր միշտ ունենք։ Այս շրջանում ոչ միայն Ձեր ասած պատճառներով, այլև անցյալում էլ, երբ որ մարդիկ խոստանում էին, միշտ չէ, որ խոստացած գումարները կարողանում էինք հավաքել։ Օրինակ՝ տարբեր ժամանակներում կարողացել ենք խոստացված գումարների կեսը գոյացնել»։

Հարցին, թե ՀՅԴ Հայ Դատին Հայաստանից տրվող գումարները կրճատվե՞լ են, Կիրո Մանոյանն ասաց, որ եթե համեմատություններ անեն, ապա պարզ կլինի, որ Հայաստանից ֆինանսավորումը նվազել է։

«Մենք դա հատուկ բանի հետ չենք պայմանավորում, փաստն այն է, որ մարդիկ կային, որ խոստանում էին, բայց հիմա չեն տալիս, կամ էլ չեն խոստանում»,- նշեց նա։

Կիրո Մանոյանը չի բացառում, որ դրա պատճառը իրենց կատարած աշխատանքից դժգոհ մնալն է։

«Կարող է էդպես էլ լինել, կարող է իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, կարող է քաղաքական ճնշում կա, չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել»,- շեշտեց Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննարկմանը, Կիրո Մանոյանը ասաց, որ բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում։

Ըստ նրա՝ բանակցությունների շահերից նույնպես չէր բխում, փոխարենը կազմակերպիչների շահերից էր բխում։

«Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը։ Ասել, որ մեր վարչապետն ասաց սա կամ չասաց նա,  չափանիշ չէ՝ որոշելու այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է։ Հիմնական տարբերությունը որ կա, թեև վարչապետի ասածը մի քիչ մեղմացրեց այն, եթե համեմատենք օրինակ՝ արտգործնախարարի ասածին Բրատիսլավայում, այն է, որ փաստ է՝ Արցախի ժողովուրդն արդեն իր կամքն արտահայտել է, մնում է, որ դա միջազգային հանրությունը ապահովի»։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտնի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, «Միջազգային հանրությունը պետք է հստակ և միանշանակ կերպով դա շեշտի և ասի»,- շեշտել էր վարչապետը։