Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՂ հիմնահարցի լուծման մեջ չպետք է լինեն որևէ տեսակի զիջումներ․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ (տեսանյութ)

Երևանում այսօր մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը կտևի փետրվարի 24-ից 28-ը։ Խորհրդաժողովն անցկացվելու է նաև Ստեփանակերտում։

Օրակարգում  Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման և այլ թեմաների վերաբերյալ հարցերն են։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը լրագրողների հետ զրուցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորման բանակցություններին, Կառավարության որդեգրած քաղաքականությանը, ասաց, որ տարբեր մոտեցումներ կան, բայց նաև հասկանալի է, որպեսզի բանակցություններ տեղի ունենան, անհրաժեշտ է տարբեր այլընտրանքների մասին բանակցել։

«Դա չի նշանակում, որ տարբեր այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան»,- ասաց Հակոբ Տեր Խաչատուրյանը։

Անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննարկմանը, և վարչապետի այն հայտարարությանը, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 կողմերի համար, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ համաժողովին հնչել են ընդհանրական հասկացողություններ։

«Բնականաբար, այնտեղ հնչեց մի քանի հասկացողություն, որոնց մանրամասների պարագայում մենք ունենք անհամաձայնություններ, բայց երբ համաշխարհային ֆորումին բանակցում ես, բնական է, որ վերջ ի վերջո եթե լուծման պետք է հանգես, այդ պետք է ընդունելի լինի բոլորին, եթե՝ ոչ, ուրեմն լուծում չի, կամ էլ  պարտադրված լուծում պետք է լինի,  որը կնշանակի՝ հստակորեն պետք է մեկ կողմի ունեցած նկատառումները պարտադրվի։ Այդ իմաստով էր պարոն վարչապետի հայտարարությունը բաղձանք է, որ կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ երեք ժողովուրդներն էլ ընդունեն, որովհետև վերջ ի վերջո ակնկալում ենք, որ ինչ արդյունք էլ լինի բանակցություններին,  դրանք պետք է դրվեն հանրաքվեի, որպեսզի Հայաստանի, Արցախի ժողովուրդները, ենթադրում եմ նաև Ադրբեջանինը, տան իրենց վավերացումը»,- ընդգծեց  Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա չցանկացավ մանրամասնել, թե  բանակցությունների վերաբերյալ ինչ մոտեցումներ և տարբերություններ ունեն Կառավարության հետ, բայց շեշտեց, որ ինչ լուծում էլ լինի, այդ լուծման մեջ չպետք է լինեն որևէ տեսակի զիջումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։