«Որ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, իսկ Սասունցի Դավիթը՝ արձան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները» թեմայով լսումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը բուհերից հանելու առումով լուրջ քննարկելու խնդիրներ կան.
«Որևէ մեկը ինձ չհամարի հետադիմական, այդ քայլը միգուցե ընդունելի լիներ այն դեպքում, եթե մենք դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդման այնպիսի որակ ունենայինք, որ դրանց պարտադիր ուսուցումը բուհերում այլևս անհրաժեշտություն չլիներ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը տվյալներ ներկայացրեց աշակերտների քննությունների գնահատականների մասին, տեղեկացրեց, որ անբավարար ստացող աշակերտները մեծ թիվ են կազմում, իսկ 19 կամ 20 միավոր ստացողները շատ քիչ են:
«Եկեք մեր հանրակրթական ավագ դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն արձան է, ապահովենք անհրաժեշտ մակարդակը, որ հանրության 80 տոկոսի համար «մեղանչել» բառը չասոցացվի «ապաշխարել» բառի հետ, նոր հետո անենք այս փոփոխությունը»:
Զոհրաբյանն ասում է ՝ անձամբ կողմ կլիներ բուհերում լեզվամտածողություն դասավանդելուն․
«Որպեսզի նույնիսկ այս ամբիոնից այլ լեզուներից տարադարձումներ չլինեին՝ «հարցը կայանում է նրանում», «բանը կայանում է նրանում»: Հարցը որևէ ձևով չի կարող կայանալ նրանում: Եկեք նախ դպրոցներում անհրաժեշտ մակարդակի հարցը լուծենք, հետո նոր միայն մտածենք ձեր հաջորդ քայլերի մասին»,-ասաց նա: