Բացել լրահոսը Փակել լրահոսը
87799446_187032405916638_5844775501385695232_n
A A
Քաղաքականություն

Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի․ Սուրեն Պապիկյան

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյին հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Այսօր «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսին լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդքան գումար հավաքելը, քանի որ 2017-ին, երբ «Ելք» դաշինքը դրամահավաք կազմակերպեց, գումարը 5 մլն դրամից մի քիչ ավել էր։

«Տեսակետ կա, որ սա կոռուպցիա է, շատերը շահագրգռված կամ պարտադրված են գումար փոխանցել։ Ձեզ էլ համեմատում են Հովիկ Աբրահամյանի հետ, այն ժամանակ էլ նա էր նախարար և շատ լավ տիրապետում էր մարզերին, հիմա էլ Դուք եք»,- նկատեց լրագրողը։

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը խնդրեց իրեն չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ինքը համեմատության եզր չի տեսնում իր և Հովիկ Աբրահամյանի միջև։ «Ի տարբերություն Ձեր նշած անձի, ես հանդիսանում եմ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, բացի այդ, ես որէև քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու հետ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Ինչ վերաբերում է դրամահավաքի ընթացքում մեծ գումար հավաքելվուն, ապա Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Ելք» դաշինքից հետո փոփոխություններ են եղել, և արդյունքում հանրային վստահությունը մեծացել է։

«Այսինքն, եթե մենք իշխող կուսակցություն ենք, ապա հրաժարվե՞նք մեր նախկին սկզբունքներից, և ընտրություններին պատրաստվելիս գումար սկսենք ստանալ օլիգարխներից, թե՞ դրամահավաքի միջոցով առավել լայն հանրության աջակցությունն ակնկալենք։ Բնականաբար մենք ընտրում ենք առավել լայն հանրությանը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս օգտագործելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, թե որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, անկախ նրանից՝ նա գյուղապետ, քաղաքապետ, թե՞ թաղային հեղինակություն է։

«Մենք դրա կարիքը չունենք, ՀՀ քաղաքացուն ընձեռված հնարավորությունը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի, սա մեր որդեգրած քաղաքականությունն է, որից չենք հրաժարավելու»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական շտաբի պետը, անդրադառնալով քարոզչության ընթացքին, հայտնեց, որ կունենան 10 փոքրիկ միկրոավտոբուսներ, որոնք պատված կլինեն ընտրված լոգոյով, և քարոզչական խումբն ամեն օր 10 մարզերում գյուղից գյուղ կայցելի, կբացատրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի էությունը։ Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ մարտի 10-ից հետո խմբերը կփոխվեն, սակայն չնշեց, թե ովքեր կընդգրկվեն այդ խմբերում։

Սուրեն Պապիկյանը հավելեց, որ քարոզարշավը կսկսվի հարավից՝ Սյունիքի մարզից։