Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Դեղատներում վաճառվող դիմակների հետևից ընկնել պետք չի, դրանք պաշտպանիչ ազդեցություն չունեն» (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության շենքի դիմաց այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցների ակցիային։

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ կենտրոնի տնօրենին աշխատանքից հանելը պայմանավորված է եղել նրա կողմից՝ իր հրամանը չկատարելով։

«Նա բազմիցս հրաժարվել է կատարել Կառավարության որոշման պահանջները՝ տրամադրելու փաստաթղթերը, իրականացնելու Կառավարության որոշման պահանջը՝ երկու ծառայությունների միավորումը, ինչը որևէ բան փակել չի նշանակում, այլ հակառակը՝ զարգացնել ծառայությունը»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ Առողջապահության նախարարի՝ երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, հետո ազատ արձակվել, պայմանավորված էր նրանով, որ իր կողմից տրված հրամանը՝ հանձնել հիմնարկի կնիքը, չէր կատարվել։

«Սա պետք է իրավական հետևանք ունենա, որովհետև չի կարող որևէ մեկի քմահաճույքով պետական հիմնարկի կնիք առգրավվի և չտրվի օրինական ներկայացուցիչներին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև դեղատներում դիմակների բացակայությանը։ Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ դեղատներում վաճառվող բարակ դիմակները լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն վիրուսով վարակվելու վրա։

«Հատկապես բաց տարածքում իմաստ չունի դրանք կրել։ Կարիք չկա դրանց հետևից ընկնել։ Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս և այլ պաշտպանիչ միջոցներ՝ սկսած ակնոցներից ու հանդերձանքից», - ասաց Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ այդ դիմակները նախատեսված են բժշկական անձնակազմի առօրյա աշխատանքի համար։

«Ինչ վերաբերում է դրանց քանակին, ապա մենք մեր բժշկական հաստատությունների համար ունենք 150 000-ից ավելի դիմակ, նաև գնում ենք կատարելու։ Ճիշտ է՝ գները բարձրացվել են, նաև ունենք հնարավորություն, երեկ մի գործարարի հետ քննարկում էինք տեղում արտադրություն կազմակերպելու համար, սակայն կրկնում եմ՝ դրանք բժշկական նշանակության են»,- ասաց նա։

Նախարարը նաև անդրադարձավ դպրոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայություններին և դասապրոցեսները չդադարեցնելուն։ Ըստ նախարարի՝ Հայաստանում երեկվա տվյալների համաձայն՝ բացակայությունների միջին թիվը կազմում է 4,4 տոկոս, հետևաբար դասապրոցեսները դադարեցնելու անհրաժեշտություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։