«3 քրեական գործ է հարուցվել ֆեյքերի դեմ, որոնք Հայաստանին և Արցախին սպառնալիքներ են հնչեցրել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս համացանցում տարածված այն տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին:
«Այդ տեսանյութը մոնտաժված է, չնայած ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, մենք նաև ուսումնասիրություններ ենք արել, որ այդ տեսանյութը դեռևս 2 տարի առաջ յութուբում էր հայտնվել, այլ անձի մեկնաբանությամբ։ ԱԱԾ-ն անում է այն ամենը, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։
«Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան «Դիանա Հարությունյան» ֆեյք էջը վարող անձի հետ կապված, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց․
«Պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա, մենք վերջերս տեղեկացրել ենք նաև, որ քրեական գործ է հարուցվել մյուս ֆեյք էջերի նկատմամբ, և նախաքննությունը շարունակվում է։ Այն ֆեյք էջերը, որոնք ունեն սպառնալիքներ ազգային անվտանգությանը, մեր կողմից կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն»։
Ըստ նրա՝ վերջերս 3 քրեական գործ է հարուցվել տարբեր օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի անվտանգությանն ու Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնալիքներ են հնչեցրել։
Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով և 254 հոդվածի առաջին մասով։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 3-ին ձերբակալվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը, ով տեղեկատվություն էր հրապարակել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Լրագրողները Էդուարդ Մարտիրոսյանից հետաքրքրվեցին նաև ԱԱԾ-ում կադրային փոփոխություններից։ Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ փոփոխություններ եղել են ու կլինեն, բայց կադրային ջարդ չի եղել։
«ԱԱԾ-ն այն կառույցն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացում ունեն եւ կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց նա։
Հարցին, թե նոր աղմկահարույց ձերբակալություններ կլինե՞ն, պարոն Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց։
«Կարող է Ձեզ համար աղմկահարույց լինի, մեզ համար ոչ այդքան»,- ծիծաղելով նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։