Ինֆորմացիայի արտահոսք է լինում, և մեղադրյալները հասկանում են, որ պետք է հեռանան․ Գրիգոր Ոսկերչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 1-ին լրանում է 2008թ․ ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը։ ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանն ասում է, թե Մարտի 1-ի գործով դատավարության ձգձգումը խանգարում է Հայաստանի հետագա զարգացումներին։
«Դա խանգարում է բոլորիս, ինձ խանգարում է վաղվա իմ կյանքը ծրագրավորելու համար»,- ասում է նա։
Գ․Ոսկերչյանը Մարտի 1-ի գործով իր նկատմամբ կայացված դատական վճիռները բողոքարկել է ՄԻԵԴ-ում։ Կալանքի մասին վճռի մասով Եվրոպական դատարանը բավարարում է նրա դիմումը, իսկ բուն գործը դեռ քննարկման փուլում է։ Նախկին քաղբանտարկյալն ասում է, թե այս դեպքում գործում կա քաղաքական հետապնդումների մասին կետ, որը նորություն է Մարտի 1-ի գործերում։
Նա նաև հիշեց, որ ԱԱԾ-ից Գլխավոր դատախազություն և ՀՔԾ գրություն էր գնացել, թե ինչպիսի հակառուսական տրամադրություններ ունի ինքը։
«Միգուցե մենք արևմտյան կամ հակառուսական տրամադրություններից ելնելո՞վ ենք նման բաներ անում»,- ասում է նա։
Գ․Ոսկերչյանն անդրադարձավ նաև հեղափոխական իշխանությունների գործունեությանը և դժգոհեց, թե այն բոլոր հարցերը, որոնք կարելի էր հեղափոխությունից հետո շատ արագ լուծել, երկու տարի անց ավելի դժվար են դարձել։ Դրանք կլինեն ՍԴ-ին, մի շարք այլ կարևոր օրենքներին, դատաիրավական համակարգին, թե այլ խնդիրներին վերաբերող փոփոխություններ։
«Ցանկացած հեղափոխությունից հետո պատմությունը հնարավորություն է տալիս հեղափոխական մեթոդներով լուծելու կարևոր հարցերը։ Հիմա պետք է կողմնորոշվել՝ հեղափոխությո՞ւն , թե՞ իշխանափոխություն է եղել։ Չենք կարող ասել, որ ՍԴ վերջին դեպքը ամբողջությամբ օրենքի տառին համապատասխանում է, բայց նման լուծումը ճիշտ էր։ Միևնույնն է, հիմա էլ փոքր խախտումներ լինում են, ուրեմն նման խախտումներով գործընթացները մեկ տարի առաջ շատ ավելի հեշտ կտարվեին»,- գտնում է նա։
Վերջինս խոսեց նաև քրեական տարբեր գործերով մեղադրվող կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող գործիչների հեռանալուն։ Եվ ասաց, թե «բոլորիս համար տեսանելի է, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում, և դրա պատճառով հնարավոր մեղադրյալները հասկանում են, որ պետք է հեռանան»։ Գ․Ոսկերչյանը նաև կարծիք հայտնեց, թե հեղափոխության գլխավոր թերությունն այնն էր, որ նրանք հանպատրաստից եկան՝ առանց իմանալու, թե ինչ պետք է անեն։
«Հապշտապ ձևավորել ԱԺ ցուցակներ շատ դեպքերում պատահական մարդկանց կազմով, ճիշտ չէր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։