Հայկական բռնցքամարտում վիրտուալ նոր «պատերազմ» է սկսվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկների նախապատրաստությունը Անգլիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարին վերածվել է իսկական կռվախնձորի։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում գրեկ է։
«Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստությունը Անգլիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Հավաքականի պատասխանատու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հայտնենք նաեւ, որ մրցաշարին մասնակցելու ամբողջ ծախսերը հոգում է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը: Այն քաշային կարգերում, որոնցում չհաջողվի առաջիկա մրցաշարում նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր, հաջորդ վարկանիշային մրցաշարում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան այլ բռնցքամարտիկներ»։
Եվ ահա, ուղիղ մեկ ժամ անց, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել արդեն Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան։ Ահա այն․
«Արթուր Գևորգյանի գլխավորած Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան կրկին խեղաթյուրում է իրողությունը
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ֆեսբուքյան էջում այսօր գրառում էր կատարվել` ըստ որի Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու ամբողջ ծախսերը հոգում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը, սակայն այս գրառումը իրականությանը չի համապատասխանում: Օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու ծախսերը բացառապես հոգում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության: Այդ գումարները հատկացվում է բացառապես պետական բյուջեից, իսկ ահա վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական ընթացքին՝ մասնավորապես Ծաղկաձորի երկշաբաթյա հավաքի, Աբովյանի մարզաբազայում կայացած մեկ շաբաթյա հավաքի, նաև Ուկրաինայի Իվանո-ֆրանկովսկ քաղաքում կայացած 17-օրյա միջազգային հավաքի ու այս պահին ընթացող վերջին հավաքի ամբողջ ծախսերը հոգում է բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որը ոչ միայն հավաքների ընթացքում էր մեր բռնցքամարտիկների կողքին, այլև բռնցքամարտիկների հետ մեկնելու է Լոնդոն նրանց սատարելու համար:
Հ․Գ․ Կարծում ենք բարոյական չէ, երբ ուրիշի արածը վերագրում են իրենց»։
Այդպիսով, մեկ տարի առաջ տարանջատված հայկական բռնցքամարտը շարունակվում է տարանջատման գործընթացը, ինչը կամա թե ակամա բացասաբար կանդրադառնա մեր մարզիկների ելույթների վրա։
Հիշեցնենք, որ Անգլիայում նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարը մեկնարկելու է մարտի 14-ին։