Ունենք նաև շատ լավ դատավորներ՝ բարեխղճորեն նվիրված իրենց առաքելությանը․ Ռոբերտ Ռևազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը կարծում է՝ իրավական համակարգում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։
«Օրինակ՝ տարիներ շարունակ խոշտանգող ոստիկանները կամ ցույցերի ժամանակ ոչ իրավաչափ գործողություն դրսևորող ոստիկանները և այլն, իրենք դեռ շարունակում են աշխատել այդ համակարգում, նույնը վերաբերում է քննչական մարմիններին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Իրավապաշտպանը, սակայն, նշեց, որ վերոնշյալ ոլորտներում կան նաև պրոֆեսիոնալներ, ինչպես նաև նույնպիսի խնդիրներ առկա են դատական իշխանությունում։
«Ըստ էության՝ ունենք նաև շատ լավ դատավորներ, ովքեր որ իրոք բարեխղճորեն նվիրված են իրենց առաքելությանը, գիտակցում են ու ուզում են լինել ազատ և անկախ։ Այդ դատավորները շատ կարևոր են, կարող են լինել կորիզը՝ ամբողջ համակարգն առողջացնելու համար»,- ընդգծեց փաստաբանը։
Ռևազյանի խոսքերով՝ ամբողջ պետաիրավական համակարգը եղել է մեկը մյուսի շարունակությունը, անկախ օղակներ չեն եղել․ «Ոստիկանությունը, քննչական, դատախազություն, դատարանները, ըստ էության, ենթարկվել են կոնկրետ քաղաքական ուժի․ մյուսի արած գործը տրամաբանական շարունակել է հաջորդը։ Ասենք՝ ոստիկանների գործողությունների շարունակությունն արել են քննիչները, դրա շարունակությունը՝ դատախազը, հետո՝ դատարանները։ Այսինքն՝ միասնական է եղել, այդ տարանջատումը չի եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում։