Տրդատ Ա-ի 2000-ամյակը նշելը կօգնի մեզ հասկանալ մեր պետականության դերը մեր կյանքում․ Վալերի Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆրանսիական հեղափոխությունից հետո հարցերն ուզում էին լուծել գիլիոտինի միջոցով, բոլշևիկյան հեղափոխությունից հետո՝ կարմիր տեռորի միջոցով, բայց դրանից ոչ մեկն արդյունքի չբերեցին վերջիվերջո»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության պետ, Ներքին գործերի նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանը։
Ըստ Պողոսյանի՝ հեղափոխություններից հետո գալիս է մի վիճակ, որ հասարակութունը հայտնվում է շրջապտույտի մեջ, որը կարող է տանել գահավիժման, իսկ քաղաքական էլիտայի խնդիրն է այդ շրջապտույտից դուրս գալու ճանապարհը։
«Վերջին երեք տասնամյակում դժբախտաբար շատ հպանցիկ է մեր վերաբերմունքը մշակույթի վերաբերյալ»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքակրթական մակարդակի առումով ոչինչ չենք ասում։
ԱԱՊՎ նախկին պետն ասաց, որ Տրդատ Ա-ին անդրադարձել է , քանի որ վերջինս մեծ ներդրում ունի հայոց պետականության հարցում, և դասագրքերը նայելուց ակնհայտ է դարձել, որ Տրդատին ցույց չի տրվում այն ուշադրությունը, որին արժանի է։
«Տրդատի կենսագրության հետ կապված փաստերին ծանոթանալով՝ ինձ համար մի բան է ակնհայտ դառնում․ որ Մեծ Հայքը՝ Մեծ Հայքի թագավորությունը, եղել է ինքնուրույն գործոն։ Եղել է իր տարածաշրջանի հզորագույն պետություններից մեկը»,- նշեց փիլիսոփայական գիտությունների թեկնածուն։
Տրդատ Առաջինի 2000-ամյակը նշելը, ըստ նրա` «կօգնի մեզ հասկանալ մեր պետականության դերը մեր կյանքում»։
«Մեր պատմության ամենամեծ թերությունը համարում եմ այն, որ ժամանակին մենք չկարողացանք Ադրբեջանին պարտադրել հաշտության պայմանագիր։ Այն ինչ Տրդատը դա արեց․ նա, հաղթելով Հռանդեայի ճակատամարտում, դա վերածեց հաշտության պայմանագրի»,- ընդգծեց Պողոսյանը։
Հռանդեայի ճակատամարտը տեղի է ունեցել 62 թվականին պարթևական և հռոմեական զորքերի միջև։ 64 թվականին կնքվում է Հռանդեայի հաշտության պայմանագիրը, որից հետո հռոմեական կայսր Ներոնը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու, այնուհետև արհեստավորներ է տրամադրում ավերված Արտաշատը վերականգնելու համար։ Տրդատը Հռոմից վերադառնում է որպես հայոց թագավոր։
Մանրամասները տեսանյութում