Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարդիկ հայհոյանքների համար տալու են իրար սպանեն, հետո վատ է լինելու․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումները ԱԺ-ում բուռն էին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի նշած այն դիտարկումներին, թե ունենք հայրենասիրական երգեր, որտեղ հրապարակային բռնության կոչեր են հնչում թշնամու նկատմամբ, նշեց, որ արվեստը չպետք է ենթարկվի ցենզուրայի։

 Պողոսյանը խոսեց նաև  Գևորգ Պապոյանի ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանի տեղից արած՝ «Զգույշ խոսի, քթիցդ արյուն չգա» արտահայտության մասին։

«Ձեր ամբողջ խմբակցությունը խոսում է ատելության, բռնության դեմ պայքարի մասին, մի ամբողջ խմբակցության ղեկավար պարոն Պապոյանին ասում է՝ «զգույշ խոսի, քթիցդ արյուն չգա», ես ինչպե՞ս մեկնաբանեմ դա։  Կարող եմ այն մեկնաբանել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ»,- նշեց Քրիստինե Պողոսյանը։

Խմբակցության անունից ունեցած ելույթում Էդմոն Մարուքյանը առանձնացրեց այն դրույթը, որը վերաբերում է քաղաքական հայացքներին։

«Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք ատելություն չեն քարոզում, բայց իշխանության ներկայացուցիչները երբեք էլ չեն դատապարտում ատելության խոսքը։ Ինչո՞ւ չեն դատապարտում, որովհետև դրանք իրենց ձեռնտու են։ Որովհետև այդ խոսքը ձեզ աջակցող խոսք է։ Այ, երբ որ այդ խոսքը դարձավ ձեզ չաջակցող՝ այս օրենքի հոդվածը կսկսեք կիրառել։ Վարչապետի վերջին ելույթից հետո, երբ ասաց «հակապետական ուժեր», ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, որոնք մեզ ասում են՝ դուք հակա ենք։ Այդ ելույթի հաջորդ գիշերը մարդն ինձ նամակ է գրել, սպառնացել, որի հիման վրա քրեական գործ կա հարուցած։ Դրանք բոլորը ձեր աջակիցներն են։ Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ հայհոյանքով, զրպարտության խոսքով, և դրան են գումարվում նաև ձեզ աջակցող youtube-ի  ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում սիրուն գլխագրերով, որպեսզի դիտում ապահովվի, և դրանք ամեն օր վարկաբեկում և զրպարտում են մարդկանց, և դուք ասում եք, որ մենք մեդիա չունենք։ Կես միլիոնի հասնող youtube-ի ալիքները ձեր քարոզով են զբաղվում, ձեզ քննադատողներին ոչնչացնելով»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը հիշեց Էջմիածնում կազմակերպված «Ոչ»-ի թաղումը։

 «Էջմիածնում թաղում են արել, ձեզանից ո՞վ է դատապարտել, կա՞ պատգամավոր, որը դատապարտել է։ Թաղումը արել են, չի դատապարտվել,  Էջմիածնի քաղաքապետն էլ ասել է՝ ես նորմալ եմ նայում։ Հետո ասում եք՝ եկեք «Ոչ» -ի շտաբ բացեք։ Որ հանկարծ «Այո»-ի կողմնակիցը «Ոչ»-ի կողմնակցի գլխին քարով տա, սպանի, ո՞վ է պատասխան տալու։ Դուք եք դրա պատասխանատուն, որվհետև դուք եք ժպտում դրա վրա, ձեզ աջակցող մեդիան է դա անում։ Այս մշակույթի պատասխանատուն դուք եք։ Եթե դա անում է նախկին իշխանությունը, էլի պատասխանատուն դուք եք, որովհետև պետական լծակները ձեր ձեռքում են։ Մարդիկ հայհոյանքների համար տալու են իրար սպանեն, հետո վատ է լինելու»։

ԲՀԿ-ից Արման Աբովյանը, խոսելով օրինագծի մասին, ասաց՝ եթե մենք ունենք լղոզված դրույթներ, որոնք հնարավոր է  տարբեր կերպ մեկնաբանվեն, պետք է անեն ամեն ինչ, որ զերծ մնանք այդ վտանգներից։

«Ես հավատացած եմ, որ հնարավոր է՝ յուրաքանչյուր դեպքում ավելի հստակեցնել, ոչ ոք այստեղ բռնության կողմանկից չէ, բայց դրա հետ մեկտեղ, եթե բերում եք օրենք, դա պետք է լինի մաքսիմալ հասկանալի և հստակ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը էլ «Իմ քայլը» խմբակցության անունից ունեցած ելույթում հիշեցրեց, որ իրենք են նախաձեռնել «Ատելության դեմ պայքարի հանձնաժողովի» ձևավորումը, որից վերջերս դուրս եկան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Ինչ վերաբերում է Էջմիածնում տեղի ունեցածի վերաբերյալ Մարուքյանի դիտարկումներին՝ Խանդանյանն ասաց․

«Դուք ԱԺ ամբիոնը օգտագործում եք զրպարտություն և սուտ տարածելու համար, եթե ունեք փաստեր, ներկայացրեք, այլապես ձեր հայտարարությունները նման են զրպարտության և ստի»։