Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պնդում եմ, վարչապետը պետք է շատ ավելի քաղաքակիրթ լեզվով խոսի․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ քաղաքական ուժերի կողմից բռնության կոչը, ատելության կոչը սրվեց մինչև հեղափոխությունը՝ քաղաքական պայքարի սրացման ժամանակ։ Եվ պետք չէ առանձնացնել՝ իշխող ո՞ւժը, թե ընդդիմությունը նպաստեց դրան՝ յուրաքանչյուրն իր բաժինն ունի։

«Նրանք իրենց համախոհներին չեն զսպում։ Քաղաքական ուժերի վերնախավը պետք է իր համախոհներին կոչ անի, որ գոնե չխրախուսվեն այդ կոչերը»,- ասում է նա։

Ա․ Մելիքյանը նաև համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում հայտարարված՝ «ասֆալտին փռել, պատին ծեփել» արտահայտությունները հարիր չէ երկրի առաջին դեմքին։

«Ես լսել եմ, որ նա ասել է, թե այլ լեզու չեն հասկանում, բայց պնդում եմ, որ վարչապետը պետք է շատ ավելի քաղաքակիրթ լեզվով խոսի։ Դա հեղափոխության ալիքի շարունակությունն է։ Դա շատ ավելի արդյունավետ կլուծվի քաղաքական վերնախավի միջամտությամբ, քան թե օրենսդրական նախաձեռնությամբ»,- գտնում է Աշոտ Մելիքյանը։

Վերջինս անդրադարձավ նաև «Ա1+»-ի եթերազրկմանը և հեռուստաընկերության կողմից իր խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված քայլերին։ Եվ ասաց, թե «Ա1+»-ի պատմությունը ՀՀ ԶԼՄ-ների դաշտում ամենաանարդար պատմությունն է։

«Այդ պատմությունը պետք է ավարտվի և արդարությունը վերականգնվի։ «Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության է, բայց կառավարության դեմ չէ։ Պետք է ընդունենք, որ այդ հայցը հնարավոր դարձավ այս կառավարության շնորհիվ և արդարությունը վերականգնելու հույս ստեղծվեց։  Պարզապես, այդ հայցը կարող է լուծել միայն կառավարությունը»,- ասաց Ա․Մելիքյանը։

Վերջինս անդրադարձավ նաև սուտ մատնության համար պատժամիջոցների խստացման օրինագծին, ԶԼՄ-ների ազատ, ինչպես նաև թափանցիկ լինելուն, ՀԿ-ների կողմից ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջին և այլ հարցերին։

 

Մանրամասները տեսանյութում։