Չեմպիոնների լիգա. «ՌԲ Լայպցիգը» պատժեց Մոուրինյոյին, իսկ Իլիչիչը՝ «Վալենսիային»
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանական «ՌԴ Լայպցիգը» սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Այդպիսով, «կարմիր ցուլերը» լիովին պատժեցին անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը խաղից առաջ սարկազմով հայտարարել էր, որ եթե իր ֆուտբոլիստներին չհաջողվի գոլ խփել, ապա դա կարող են անել մրցակցի պաշտպանները՝ գրավելով սեփական դարպասը: «ՌԲ Լայպցիգը» հաղթելով ընդհանուր 4:0 հաշվով, իր պատմության մեջ առաջին անգամ մտավ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Առաջին անգամ նույնպիսի նվաճման հասավ նաև իտալական «Ատալանտան», որը հյուրընկալվելիս առավելության հասավ իսպանական «Վալենսիայի» նկատմամբ: Կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցավ առանց հանդիսականների: Չնայած այդ հանգամանքին, թիմերը բավական արդյունավետ ֆուտբոլ ցույց տվեցին:
«Վալենսիան» սկզբում թեև երկու անգամ հայտնվեց հետապնդողի դերում, բայց կարողացավ բեկում մտցնել խաղում և երկրորդ կեսում առաջ անցավ հաշվի մեջ՝ 3:2: Սակայն, «Ատալանտայի» սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը, որը առաջին կեսում երկու անգամ վստահորեն իրացրել էր 11 մ հարվածները, համաձայն չէր նման ընթացքի հետ: Նա 71-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ տասը րոպե անց խփեց իր չորրորդ գոլը խաղում: Վալենսիացիներն այլևս չկարողացան պատասխան տալ, քանի որ կատարել էին բոլոր փոխարինումները և թարմ ուժեր չէին կարող մտցնել:
«Ատալանտան» 4:3 հաշվով հաղթելով «Վալենսիային», վստահորեն մտավ քառորդ եզրափակիչ, քանի որ սեփական դաշտում կայացած առաջին խաղում այն ջախջախել էր իր մրցակցին՝ 4:1:
Այսօր տեղի կունենան 1/8 եզրափակիչ փուլի մյուս երկու հանդիպումները: Գործող գավաթակիր «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունելու է Մադրիդի «Աթլետիկոյին» (առաջին խաղը՝ 0:1), իսկ Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն՝ Դորտմունդի «Բորուսիային» (1:2):