Կորոնավիրուսը «շտկումներ է մտցնում» Հայաստանի հավաքականների ծրագրերում
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային սպորտն իր պատմության մեջ երբեք չէր հայտնվել այնպիսի լուրջ խնդրի առջև, ինչպես կորոնավիրուսն է։ Բանն այն է, որ օրեցօր չեղարկվում են պաշտոնական, այդ թվում՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9-13-ը նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարիայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը: Մեր ըմբիշները մինչ այդ որոշումը ուսհավաք էին անցկացնում Օլիմպավանում, սակայն կորոնավիրուսը շտկումներ մտցրեց նրանց ծրագրերում։
Չեղարկվել է նաև Կանադայի Մոնրեալ քաղաքում մարտի 16-22-ը կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզական պատիվն այդ մրցումներում պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան–Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց հավաքականները ներկայում ուսումնամարզական հավաք են անցկացնում Թբիլիսիում։ Սակայն մեր մարզիկները նույնպես պարապուրդի կմատնվեն, քանի որ հետաձգվել է մարտի 18-22-ը Դոհայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ պետք է հանդես գային մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարը տեղափոխել է հունիսի 3-6–ը: