«Ոչ խաչ ենք համբուրում, ոչ աջ ենք համբուրում, ոչ էլ սապոգ ենք լիզում». ցույց Կառավարության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Եվրոպական կուսակցության մի քանի ներկայացուցիչ Կառավարության շենքի դիմաց ցույց էին իրականացնում։ Կառավարությանը հիշեցնում են 1921թ․-ի ռուս-թուրքական պայմանագրի մասին ու պահանջում Հայաստանի Հանրապետությունը հռչակել Առաջին Հանրապետության իրավահաջորդ։
«99 տարի առաջ այս օրը Մոսկվայում ստորագրվեց Լենին-Քեմալ ակտը, այսպես կոչված եղբայրության և բարեկամության մասին պայմանագիրը, որը հանցավոր ու ապօրինի է։ Ոչ միայն այն պատճառով, որ դրա ստորագրությանը չէր մասնակցել Հայաստանի Հանրապետության կողմից գեթ մեկ ներկայացուցիչ, այլև այն, որ այդ պահին Հայաստանը վերականգնել էր իր անկախությունը»,- ընդգծեց կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը։
Ռուս- թուրքական պայմանգրի կնքումից ամսիներ անց կնքվեց նաև Կարսի պայմանագիրը՝ 1921թ․-ի հոկտեմբերի 13-ին։
Ըստ Տիրգան Խզմալյանի՝ դա նույնպես ապօրինի է, քանի որ ոչ մի միջազագային օրենք չի ընդունի որևէ ստորագրություն, որը կորզված էր այլ պետությունից։ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ 1991թ․-ին անկախության հռչակագրով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, և ոչ թե հռչակվեց անկախ պետություն, որը իրավահաջորդն է Առաջին Հանրապետությանը։
«Ցույցով Կառավարությանը հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է Կարսի պայմանագրի կետը վերացնել և նոր Սահմանադրությունում փոխել այդ խայտառակ կետը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով ոչ միայն Առաջին Հանրապետության իրավահաջորդ, մենք չունեինք Երկրորդ, Երրորդ Հանրապետություններ, դա կեղծ է, դա օկուպացված, զավթված, գաղութացված տարածք էր։ Մենք ունենք ընդամենը մեկ Հանրապետություն, որի իրավահաջորդն ու քաղաքացին ենք»,- ասաց նա։
Ցույցի մասնակիցները քայլերթով կշարժվեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, փոխանցելու իրենց բողոքն ու պահանջը։
«Չեղյալ հայտարարել ու դատապարտել 1921թ․-ի ռուս-թուրքական պայմանագիրը»,- նշեց Տիգրան Խզմալյանը։
Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ չեն չեղարկել ցույցը, քանի որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ իշխանությունները հորդորում են ինքնամեկուսանալ։
Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենց տարեց համակիրներին հորդորել են չգալ։
«Մենք պահպանում ենք հիգիենիայի կանոնները, հնարավորինս հեռու ենք կանգնած միմյանցից։ Սա բացօթյա գործողություն է, եկեղեցական պատարագ չէ, մենք ո՛չ խաչ ենք համբուրում, ո՛չ աջ ենք համբուրում, ո՛չ էլ սապոգ ենք լիզում»,- նկատեց նա։