Ո՞ր հանրային միջոցառումները կարգելվեն արտակարգ դրության ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸստ Առողջապահության նախարարության տվյալների՝ մեկուսացվածների թիվը 380-ն է եղել։
Կառավարության նիստից հետո, այս մասին ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սակայն, օրվա ընթացքում թիվն աճել է, հնարավոր է մինչև օրվա վերջ հասնի 420-ից 430»,- ասաց նախարարը։
Հարցին, թե քանի՞ անձ է թեստավորվել, և նրանցից քանիսի մոտ կարող է կորոնավիրուս հաստատվել, Արսեն Թորոսյանն ասաց․
«Օրվա մեջ իմ վերջին տվյալները մոտ 20-ն էին, բայց ենթադրում եմ, որ մինչև 50-60 դառնա այսօրվա թեստավորվածների թիվը»։
Արսեն Թորոսյանն ասաց, որ պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է ՝ հանրային միջոցառումների իրականացումը, անցկացումը և դրանց մասնակցությունը։
«Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, սպորտային, կրթական, մշակութային այլ միջոցառումներ, ժամանցային միջացառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ծննդյան, տարեդարձի, հարսանյաց, նշանադրության, թաղման միջոցառումները։ Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ»,- ներկացրեց Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է պարենային, տնտեսական, դեղորայքի մատակարարմանը, ապա ըստ Արսեն Թորոսյանի՝ դրանք ամբողջովին մնում են նույնը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նկատեց․
«Մթերային խանութների, դեղատների փակ լինելու, երկար ժամանակահատվածի համար առևտուր անելու որևէ խնդիր չկա:
«Ա1+»-ի հարցին, թե ե՞րբ է Կառավարությունը ձեռք բերելու «Rabbit» թեստերը և ո՞րքան, Առողջապահության նախարարն ասաց, որ կոնկրետ օր չի կարող ասել։
«Կոնկրետ օր լինելու դեպքում կհայտնեմ։ Հավանաբար երկու տեսակի կլինի, թե՛ թքով, թե՛ արյունով։ Թքովը կօգտագործվի ոչ բժշկական հաստատություններում, սահմանային կետերում, իսկ արյունովը՝ բժշկական, բայց առաջնային օղակում։ Օրինակ՝ պոլիկլինիկա դիմելուց կամ սովորական հիվանդանոց»- ասաց նա։
Նախարարը հավելեց, որ հիմնական թեստերի մասով ամբողջությամբ ապահովված ենք։ Ըստ նրա՝ մինչև այս շաբաթվա վերջ մոտ 5500 թեստ ևս կլինի։
ԶԼՄ ներկայացուցիչները Արդարադատութան նախարարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ կա՞ն ԶԼՄ-ների համար, Ռուստամ Բադասյանն ասաց, որ կորոնավիրուսի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, պետք է պաշտոնական տեղեկատվությանը հղում պարունակի։
Մանրամասները՝ տեսանյութում։