Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար համերգներ

Մշակույթ

Ավելի քան հազար երեխա այս տարվա գարնանային համերգաշրջանի ընթացքում հնարավորություն կունենա հաճախել դասական երաժշտության համերգների` առանց տոմս գնելու: Տոմսերին կփոխարինեն դպրոցական աբոնեմենտները, որոնք հատկացվելու են դպրոցներին "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի "Հեռանկար" ծրագրի կողմից: Աբոնեմենտները տպագրվել են Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի հետ համագործակցության արդյունքում: Այսօր կողմերը` Ֆիլհարմոնիան և "Հեռանկարը", ստորագրեցին համապատասխան հուշագիր, որից ընդամենը օրեր հետո կկայանա առաջին համերգը:

Ի դեպ, դրանք չեն լինելու սովորական համերգներ, այլ` համերգ-դասեր, որոնց ընթացքում երաժիշտները երեխաներին պատմելու են կատարվող երաժշտական ստեղծագործությունների պատմությունը, ներկայացնելու են երաժշտական գործիքների մասին հետաքրքիր տվյաներ և այլն:

"Դժվար է ասել` սա ավելի շուտ կրթական, թե մշակութային նախաձեռնություն է", ասում է "Հեռանկար"-ի տնօրեն Վահե Հովհաննիսյանը, "ամեն դեպքում սա երկար սպասված ու լավ մշակված ծրագիր է, որը գուցե դանդաղ, բայց խորը և կարևոր արդյունքներ է տալու` փորձելով փոխել երեխաների պատկերացումները երաժշտության մասին, ընտանիք վերադարձնելով դասական համերգ հաճախելու մշակույթը":

Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն անկեղծորեն ուրախ է, որ այս նախաձեռնությամբ "Հեռանկարը" դիմել է հենց իրենց: "Ես հաճախ եմ լինում դպրոցներում, համալսարաններում, գիտեմ, թե ինչ սարսափելի վիճակում է այսօր մեր երեխաների ու երիտասարդների երաժշտական ճաշակը և գրագիտությունը: Այս նախաձեռնությունը իրոք կարևոր է, ու լավ կլիներ, եթե այն շարունակություն ունենար: Ֆիլհարմոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս ծրագրին":

"Հեռանկար"-ի համակարգող Էլինար Վարդանյանն էլ ընդգծեց ծրագրի մեկ այլ առանձնահատկությունը. "Սա իրոք կարևոր նախաձեռնություն է հատկապես այն երեխաների համար, ովքեր սոցիալական պայմանների պատճառով զրկված են որակյալ երաժշտություն լսելու հնարավորությունից: Եռամսյա համագործակցության արդյունքում մենք կճշտենք մեր հետագա անելիքները և հավանաբար կընդլայնենք նախագծի շջանակները` ներառելով ավելի մեծ թվով շահառուների` աշակերտների, ուսուցիչների, ծնողների: Չի բացառվում, որ հաջորդ փուլում լինեն նաև համերգներ մարզերում: Ամենք դեպքում մենք փորձելու ենք Ֆիլհարմոնիայի և Կրթության և Գիտության նախարարության հետ միասին գտնել լավագույն տարբերակները: Ի դեպ, դպրոցական աբոնեմենտների հասցեական բաժանման խնդրանքով մենք դիմել ենք Կրթության և Գիտության նախարարությանը՚:

Համերգաշարը կներառի ինչպես հայկական, այնպես էլ արևմտաեվրոպական դասական երաժշտություն հայաստանյան լավագույն երաժշտական համույթների կատարմամբ:

Համերգներից մեկին ելույթ է ունենալու Երևանի Կամերային երգչախումբը, որի ղեկավար Հարություն Թոփիկյանն այսօր նույնպես ներկա էր համաձայնագրի ստորագրման արարողությանը: Վերջինս հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ այս ծրագրում խախտվել են վատ ավանդույթները, և հովանավորը չի միջամտում պրոֆեսիոնալների աշխատանքին, ինչի արդյունքում կազմվել է գրագետ ու ճիշտ հաշվարկված ծրագիր` հօգուտ պատանի հանդիսատեսի:

Հիշեցնենք, որ "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի "Հեռանկար" ծրագիրը գործում է 2009 թվականի սեպտեմբերից` աջակցելով մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում հետաքրքիր ու օգտակար նախաձեռնություններին: