Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Ի՞նչ պատիժ է սահմանում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց  օրակարգի միակ հարցի՝ ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախածերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունն ու առաջարկվող փոփոխությունները։

 Ըստ փոխնախարարի՝ այս շրջանում ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ  ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում, կամ արտակարգ դրության ընթացքում ապահովում սահմանված կարգը։

Ըստ այդմ, Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարել հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է  վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, ինչպես նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման  կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

Իսկ Քրեական օրենսգրքում լրացվում է դրույթ, որի համաձայն  արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։