Ահազանգ կա, որ Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները գնացել են մարդկանց տներ, պահանջել վճարումներ կատարել․ պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մնացեք տանը» հրահանգը մի կողմից պարզ է, մյուս կողմից էլ բարդ՝ այն իրականացնելու առումով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, ընդգծելով, որ կան գործատուներ, որոնք մարդկանց աշխատանքի են կանչում, այլապես չաշխատելու պարագայում չեն վճարի։
«Օրենսդրական մեխանիզմ էլ չկա, որ գործատուն պարտավոր լինի վճարել այն աշխատողին, որը չի եկել աշխատանքի և չի կատարել իր պարտականությունը։ Այս առումով հասկանալի է այն մտահոգությունը, որ եթե մարդիկ չեն գնացել աշխատանքի, զրկվում են իրեն եկամտից և չեն կարողանա վճարել կոմունալները»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։
Ըստ պատգամավորի՝ ահազանգեր կան, որ Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները գնացել են մարդկանց տներ, պահանջել վճարումներ կատարել, և ովքեր չեն կարողացել վճարել, անջատել են հոսանքը։
«Մենք հասկանում ենք նաև այն, որ հանրային ծառայությունները կարգավորող ընկերությունները չեն կարող չգանձել այդ վճարները, որովհետև համակարգը կարող է պարալիզացվել»,- նկատեց նա։
Անի Սամսոնյանը պարետատանը կոչ արեց, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող ընկերությունների հետ քննարկեն իրավիճակը ու գտնեն այնպիսի լուծում, որ մի կողմից հանրային ծառայությունները կարգավորող ընկերությունների աշխատանքը չպարալիզացվի, մյուս կողմից էլ այս պայմաններում քաղաքացիներին օգնության ձեռք մեկնեն։